Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հետապնդումները չեն կարող ազդել սյունեցիների դիմադրության ոգու վրա, այս մասին այսօր «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։ Նա նշեց, որ համայնքապետերն իրենց հստակ դիրքորոշումն են հայտնել այն բանից հետո, երբ դավադիր կերպով հակապետական որոշում էր կայացվել։
«Դեկտեմբերի 17-ին, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը, մենք պետք է զիջեինք Սյունքի անվտանգության գոտին: Բայց միայն համայնքապետերը չէին դեմ այս որոշմանը, ողջ Սյունիքն էր ոտքի կանգնել: Եթե այս իշխանությունների մոտ կա թյուրընկալում, որ միայն համայնքապետերին չեզոքացնելով կարելի է ընդհանրապես ճնշել ժողովրդին, վստահեցնում եմ, որ այդպես չի լինելու»,- ասաց Աննա Գրիգորյանը:
Նա նշեց, որ շփվում է սյունեցիների հետ ու անկախ նրանից, թե ինչպիսին էին ընտրության արդյունքները, նույնիսկ այն սյունեցիները, որոնք իրենց ձայնը տվել են գործող իշխանությանը, չեն հանդուրժելու հերթական զիջումը:
«Սա փաստ է, հետևաբար, անմիտ է այն ենթադրությունը, որ կարելի է բոլոր համայնքապետերին ձերբակալել, կալանավորվել, և սյունեցիները նստելու են տանն ու չեն ընդդիմանալու հերթական զիջմանը, հատկապես երբ թշնամի երկրի ղեկավարի կողմից հնչում են արտահայտություններ, որ Զանգեզուրը պատմական ադրբեջանական հող է, պետք է վերադառնան: Ո՛չ, այդպես չի լինելու, ողջ Սյունիքը ոտքի է կանգնելու դա թույլ չտալու համար»,- ասաց նա:
Աննա Գրիգորյանի դիտարկմամբ, մեր պետականությունը մեծ հարցականի տակ է:
«Սյունիքը դարձել է եռադրոշ՝ հայկական, ռուսական, ադրբեջանական, երբեմն չես էլ հասկանում, ո՛ր տարածքն է այս իշխանության կողմից հայտարարված ադրբեջանական, ո՛րը հայկական»,- նշեց նա:
Իշխանությունը չի հասկանում, թե ինչ ուղղություն է դավանում, ՀՀ-ն որ ուղղությամբ է տանում՝ նշեց նա:
«Ընդդիմադիրների ուսերին է մնացել այն ծանր պատասխանատվությունը, որ մենք ժողովրդին առաջարկենք ազգային զարգացման տեսլական: Կարծում եմ, սրա վրա ապագայում հատուկ շեշտադրում կունենանք: Որևէ ժողովուրդ չի կարող առաջ նայել, որևէ երկիր չի կարող զարգանալ, եթե չունենա տեսլական: Գաղափարական սնանկությունը ևս լուրջ մարտահրավեր է մեզ համար, իշխանությունից որևէ կերպ սրա լուծումները գտնել հնարավոր չէ, ինչպես նաև մնացած բոլոր ասպեկտներում, հետևաբար, շատ ակտիվ պետք է նաև սրանով զբաղվենք»,- ասաց Աննա Գրիգորյանը: