Գեղարքունիքի մարզում, այսօր, հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 14։50-ի սահմաններում բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 80 կմ հատվածում, Դիլիջանի թունելից դուրս գալիս, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, քանի որ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Վիրավորներից մեկին օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարներն, իսկ մեկին փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչները։
Վիրավորները Սևանի բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երևան, և նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր, մեկն էլ ծանր-կայուն վիճակում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։