ՀՀ նախագահի հրամանագրերով՝ Վարուժան Ներսեսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը.
Վարուժան Ներսեսյանին հետ կանչել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը.
Վարուժան Ներսեսյանին նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Լոնդոն)»,- ասված է նախագահի մեկ այլ հրամանագրում:
Հիշեցնենք՝ մայիսին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատել էր, որ ԱՄՆ-ում իր՝ դեսպան նշանակվելու ագրեմանը՝ համաձայնությունը ստացվել է հյուրընկալող երկրից։
Նշենք նաև, որ Մակունցի առաջադրումը քննադատորեն է ընդունվել և դիվանագիտական շրջանակներում և ԱՄՆ հայ համայնքում: Դեռ մարտին Ամերիկայում գործող հայկական ավանդական կուսակցությունները` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և Ռամկավար Ազատական կուսակցությունը միասնական նամակ են ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին՝ դեմ արտահայտվելով Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան առաջադրելուն: