կարևոր
2092 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-16 00:34

Ձերբակալվել է Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը

Ձերբակալվել է Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը

Այսօր երեկոյան ձերբակալվել է Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը: 

Երեկ ԿԸՀ-ն բավարարել էր դատախազության ներկայացրած միջնորդությունը. կողմ է քվեարկել հանձնաժողովի 6 անդամ, իսկ նախագահ Տիգրան Մուկուչյան չէր մասնակցել նիստին։

Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արթուր Սարգսյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Սյունիքում տարբեր շինծու մեղադրանքներով ձերբակալվում, ապա կալանավորվում են համայնքապետերը. Այս պահին Սյունիքի 6 համայնքապետից 4-ը կալանավորված է՝ Մեղրի համայնքի՝ օրերս հրաժական ներկայացրած ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը, 1-ը՝ ձերբակալված՝ Սիսիանի համայնքապետ՝ Արթուր Սարգսյան, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը կլինի այսօր։ Միջնորդություն է ներկայացվել նաև Մեղրու համայնքապետի տեղակալին և համայնքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու մասին: Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը կալանավորված է:

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի մի մասով երեկ՝ հուլիսի 14-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պիտի սկսվեր դատավարությունը, սակայն նիստը հետաձգվեց 15 օրով։ Չնայած այս գործով Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ ԿԸՀ–ն հուլիսի 15-ին  բավարարել է դատախազության միջնորդությունը՝ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Այսօր դատարանը քննեց միջնորդությունը, վաղը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը:

Բացի համայնքապետերից առանց հիմնավորումների տասնյակ սյունեցիներ բերման են ենթարկվել: Որոտանի բնակիչներն ահազանգում են, որ ոստիկաններն ահաբեկում են և ստիպում համայնքապետերի դեմ ցուցմունքներ գրել: Առանց որևէ հիմնավորման բերման են ենթարկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության ղեկավար Արամ Գասպարյանը և անվտանգության մայոր, Խորհրդային Միության սպորտի վարպետ Տիգրան Ներսիսյանը: Առանց պարզաբանումների մեծաթիվ քննիչներ եւ Ազգային անվտանգության ծառայության «Ալֆա» ջոկատի ծառայողները ներխուժել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և մի քանի ժամ շարունակ խուզարկում իրականացրել, արդյունքում կանգ է առել ՀՀ ամենախոշոր հարկատու ընկերություններից մեկի աշխատանքը: 

Այսպիսով, շարունակվում է Սյունիքի դեմ իշխանական տեռորը: Մեկուսացվում են Սյունիքը պաշտպանող ուժերը: