ՀՀ ԿԸՀ-ն այօրվա նիստի արդյունքում բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։
Ավելի ուշ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան: Ըստ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու համար` երկու և ավելի ընտրողի կաշառք տալն է նախապատրաստել:
«Ա.Ա.-ն ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից մի քանի օր առաջ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ի աշխատասենյակում հանդիպել է վերջինիս և առաջարկել ընտրություններից հետո դրամական օգնություն տրամադրել այն ընտրողներին, ովքեր կխոստանան ընտրել «Հայաստան» դաշինքին: Հանցագործությունը, սակայն, ավարտին չի հասցվել Ա.Ա.-ի կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Լ.Ա.-ն հրաժարվել է ընտրողներին հանդիպելուց և նրանց դրամական օգնության տեսքով կաշառք առաջարկելուց:
Բացի այդ, 2021 թվականի ապրիլի 28-ին Ա.Ա.-ի պահանջով Լ.Ա.-ն կազմակերպել է վերջինիս հանդիպումը Քարահունջ բնակավայրի մի խումբ բնակիչների հետ, որոնք Ա.Ա.-ից տարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն են խնդրել: Այնուհետև հիշյալ ընտրողներին Գորիսի համայնքապետարանի կողմից բանկային փոխանցման միջոցով տրամադրվել է 100.000-220.000 ՀՀ դրամ:
Գորիս համայնքի ղեկավարը Լ.Ա.-ին հանձնարարել է ստանձնել նշված «Հայաստան» դաշինքի՝ Քարահունջ բնակավայրի նախընտրական շտաբի ղեկավարման աշխատանքները և բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ մինչ այդ պահը Գորիսի համայնքապետարանից արդեն իսկ դրամական օգնություն ստացածներին մեկտեղել, որպեսզի նրանք մասնակցեն քարոզարշավին ու ընտրություններին և ընտրեն «Հայաստան» դաշինքին:
Ա.Ա.-ին 15.07.2021թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ա.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»,-ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-նշվաում է ՀՔԾ հաղորդագրության մեջ: