կարևոր
1438 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-15 13:12

Զույգ համարանիշերի կորստի կամ գողության դեպքում պետական տուրքի վճարմամբ հնարավոր կլինի ստանալ կրկնօրինակը

Զույգ համարանիշերի կորստի կամ գողության դեպքում պետական տուրքի վճարմամբ հնարավոր կլինի ստանալ կրկնօրինակը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություն կատարվեց տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման եւ հատկացման կարգում:

Ներկայումս գործող կարգի համաձայն տրանսպորտային միջոցների զույգ համարանիշերի՝ այդ թվում մեծ պահանջարկ ունեցողների, գողության կամ կորստյան դեպքում օգտագործողը զրկվում դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից եւ ստիպված է ստանալ հերթական նոր թվերով եւ տառերով համարանիշ:

«Նշված իրավակարգավորումը նպաստել է վերջին ժամանակահատվածում՝ հատկապես մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի եւ գողություններին եւ դրանք վերադարձնելու դիմաց այն օգտագործողից գումար շորթելու դեպքերի ավելացմանը: Առաջարկվող նախագծով զույգ համարանիշերի կորստի դեպքում օգտագործողին իր ցանկությամբ՝ պետական տուրքի վճարի դիմաց՝ 12 հազար դրամ, կհատկացվի նոր համարանիշերի կրկնօրինակը՝ հերթական թողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմանը»,- ներկայացրեց ոստիկանապետ Վահե Ղազարյանը:

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո:

«Նշված ժամանակահատվածն անհրաժեշտ է ոստիկանության կողմից համարանիշերի կրկնօրինակները հերթական վերթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ տպագրելու տեխնիկական հնարավորությունն ապահովելու համար: Որոշմամբ՝ գործողությունը տարածվելու է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա»: