կարևոր
1711 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-15 15:50

Իմքայլականներն ընդունեցին պատգամավորական գումարների բարձրացման մասին նախագիծը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկում են հնգապատկել պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը` 50 հազար դրամից դարձնելով 250 հազար դրամ:

Տեղեկացնենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները նիստին ներկա չէին: Նախագիծը դրվեց քվեարկության և առաջին ընթերցմամբ ընդունվեց 74 կողմ ձայներով:

Ըստ Վիկտոր Ենգիբարյանի՝ ամսական 50 հազար դրամը բավարար չէ մարզեր այցի վառելիքի ծախսերի համար, հետևաբար փոփոխությունները միտված  են ուժեղացնելու պատգամավորական ինստիտուտը:

Անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հետաքրքրվեց, թե այս 2,5 տարիների ընթացքում արդյոք բոլո՞ր պատգամավորներն են մարզեր մեկնել, և արդյոք դիվանագիտական գործունեության ընթացքում այս գումարից են օգտվում և ոչ հավելավճարներից: Հովսեփյանը համաձայնեց` մարզից ընտրված պատգամավորներն իսկապես նման խնդիր ունենում են, սակայն պատգամավորների մեծամասնությունն առհասարակ մարզեր չեն գնացել:

Վիկտոր Ենգիբարյանն արձագանքեց` պատգամավորական գործունեությունը բազմակողմ է, պատգամավորին տրամադրված միջոցները պետք է ուղիղ կառավարելի լինեն, նյութատեխնիկական սպասարկումը պետք է բարելավել:

Սոֆիա Հովսեփյանի գնահատմամբ` պարգևավճարի միջոցով պետք է խրախուսել այն պատգամավորներին, որոնք հաճախ են մարզեր այցելում, որպեսզի այդ գումարով հոգան այդ ծախսերը: Պատերազմից հետո նման ծախսի ավելացումը նա անհիմն որակեց: