կարևոր
3937 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-14 18:25

Ալիևը կրկին սպառնում է պատերազմով և հավակնում է հասնել Երևան ու Սևան

Ալիևը կրկին սպառնում է պատերազմով և հավակնում է հասնել Երևան ու Սևան

 Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ամբողջ Զանգեզուրն իրենց պատմական հողն է, որտեղ իրենք վերադառնալու են»: Եվ ոչ միայն. ադրբեջանցի նախագահը նաև հավակնում է Երևանում ու Սևանում հաստատվել. 

«Հիմա Հայաստանում ասում են, որ Իլհամ Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացնում: Եթե կա Արևելյան Զանգեզուր, ուրեմն կա նաև Արևմտյան Զանգեզուր: Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր պապերի ու նախապապերի հողն է: Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք և վերադառնում ենք այնտեղ...Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Մենք հաստատ կվերադառնանք, քանի որ այլ տարբերակ չկա: Այժմ, բոլոր հաղորդակցությունները բացելուց հետո, մենք, իհարկե, կվերադառնանք, և ադրբեջանական բնակչությունը կվերադառնա իրենց պապական հողերը: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք:

Ես դա ասել եմ 10 տարի առաջ: Սա մեր նախնիների երկիրն է, մենք պետք է վերադառնանք այնտեղ, և կվերադառնանք: Ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել: Մենք անպայման կվերադառնանք, քանի որ այլ ճանապարհ չկա: Մեր հայրենի երկիրը Զանգեզուրն է, մեր հայրենի երկիրը՝ Գոյչա (Սևան), Իրևան (Երևան): Մենք, իհարկե, կվերադառնանք», - ասել է Ալիևը:

Ալիևն ավելացրել է նաև, որ չնայած պատերազմն անցյալում է մնացել, բայց «չնայած դրան, մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմի»։ Ադրբեջանական զլմ-երի համաձայն՝ այս մասին նա հայտարարել է Արցախյան վերջին պատերազմում զոհված ադրբեջանցի զինծառայողների ընտանիքների հետ հանդիպմանը:

Նա հիշեցրել է իր հրամանով ստեղծված «Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտու մասին`հայտարարելով, որ Արևելյան Զանգեզուրն իրենց պատմական հողն է, Արևմտյան Զանգեզուրը՝ ևս:

Նրա համոզմամբ Արցախյան հակամարտություն այլևս գոյություն չունի և հարցը լուծված է՝ չկա Արցախ. 

«Եթե ինչ-որ մեկն ասում է, որ հակամարտությանը կարգավորված չէ, ապա ինչպե՞ս է տեսնում դրա հանգուցալուծումը։ Մենք հակամարտությունը կարգավորել ենք միակողմանի: Ինձ տեղեկություն է հասնում, որ կրկին խոսակցություններ են գնացել այն մասին, թե իբր հարցը չի գտել իր լուծումը, հակամարտությունը լուծված չէ։ Սա շատ սխալ և ռիսկային ուղի է: Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անվանումով տարածքային միավոր։ Այդ բառակապակցությունն այլևս չի կարող կիրառվել։ Չկա Լեռնային Ղարաբաղ, կա Ղարաբաղ։ Հուլիսի 7-ին ես հրամանագիր եմ ստորագրել Ղարաբաղյան տնտեսական գոտու ստեղծման մասին, որի մեջ միավորված են ղարաբաղյան բոլոր շրջանները»,-ասել է Ալիևը։