5 օր առաջ Netflix-ը սկսեց հեռարձակել “How to become a tyrant” կամ «Ինչպես դառնալ բռնապետ» սերիալը: Եվ եթե Սահմանադրական դատարանի մասին օրենքը թույլ տար, ապա ես ուղղակի կկազմակերպեի դիտում այս դահլիճում, որից հետո վստահ եմ, որ բոլորը կանեին միանշանակ եզրակացություն: Բայց, քանի որ օրենքը նման հնարավորություն ինձ չի ընձեռում, ուստի ես ընդամենը խորհուրդ կտամ հարգարժան դատավորներին և բոլորին, ովքեր մեզ լսում կամ տեսնում են՝ դիտեք այդ սերիալը: Ցավոք` դուք կտեսնեք այսօրվա Հայաստանը: Այսօր այսպես շարունակեց իր եզրափակիչ ելույթը ՍԴ-ում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«Իմ պնդումն էր, որ Փաշինյանը ապօրինաբար է զբաղեցրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, ուստի վարչական ռեսուրսի օգտագործման այն մասը, որն օրենքով համարվում է որպես օրինական, իրականում ապօրինի է: Որևէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը հարմարեցնել սեփական շահին և որ մեկ անձի մանիպուլյատիվ գործողությունների համար նպատակահարմարությունից ելնելով կարելի է այլասերված մեկնաբանել Սահմանադրական նորմերը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Հարությունյանը, դիմելով Դատարանին, նշեց, որ մերժելով ոստիկանությունից ապացույցներ պահանջելու իր միջնորդությունը, Դատարանը մերժեց ստանալ ապացույցներ, որոնք ակնհայտորեն ցույց կտային բողոքի արդարացի լինելը:
«Ճիշտ է, զուտ մարդկայնորեն ես հասկանում եմ ձեզ: Ես հասկանում եմ, որովհետև անկախ մեր կողմից բերվող փաստարկներից, պետք է իսկապես ունենալ մեծ խիզախություն, որպեսզի արձանագրվի, որ այս ընտրությունները խախտել են հիմնարար ընտրական սկզբունքները: Ես հասկանում եմ, որ ներկա պայմաններում պահանջել ոստիկանությունից մի ապացույց, որի հետազոտմամբ ակնհայտ կդառնա մեր պնդումը` իսկապես դժվար է:
Հասկանում եմ: Բայց չեմ ընդունում: Չեմ ընդունում, որովհետև, այդ ապացույցը չպահանջելով հարված հասցվեց արդարադատությանը:
Ամփոփելով եզրափակիչ ելույթը՝ ՍԴ-ում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նշեց.
«Բարձր դատարա՛ն, ես բազմիցս եմ հանդես եկել դատարանում, այդ թվում միջազգային, պաշտպանելով Հայաստանի շահերը: Բայց առաջին անգամ է, որ ես կանխատեսելով ձեր որոշումը ունեմ անհատապես ներքին անարդարության և համընդհանուր պարտության զգացում: Ձեր ցանկացած վճռից հետո կյանքը շարունակվելու է: Բայց ձեր վճռից է կախված, թե ինչ ճանապարհով կընթանա մեր պետությունը:
Մենք բոլորս գիտենք, որ առաջիկա ամիսներին Հայաստանը ստորագրելու է Պուտինի բառերով «բարդ, ցավոտ և սուր խնդիրներ պարունակող համաձայնագրեր»: Պարզ է, որ խոսքը երկրի տարածքների, փոշիացող պատմական իղձերի, ստանձնվող պարտավորությունների և զիջումների միջազգային պայմանագրերի մասին է, որոնց կյանքի կոչելու հիմնական դերակատարները Ազգային ժողովն են և Դուք՝ Բարձր դատարան:
Այս գործով Ձեր որոշումից է կախված, նման ցավոտ հարցերում Հայաստանի շահերը պաշտպանելու հնարավորությունը և գործիքակազմը: Եթե դուք այսօր համարելու եք, որ այս ընտրությունները լեգիտիմ են և ԱԺ կազմը ունենալու է ԿԸՀ կողմից սահմանված համամասնությունը, ապա դուք զրկում եք Հայաստանին Ազգային ժողովի քաղաքական հարթակում պետական շահերը բազմակողմանի քննարկելու և պաշտպանելու հնարավորությունից: Մյուս կողմից հենց Դուք եք վերցնելու ողջ պատմական պատասխանատվությունը Հայաստանի ապագա հարյուր տարին կանխորոշող ծանրագույն փաստաթղթերի ընդունման համար, քանի որ ընտրողների ընդամենը 26%-ով ձևավորված միաբևեռ Ազգային ժողովում որոշումը փաստացի ընդունվելու է մեկ անձի կողմից:
Այսպիսով, նման որոշում կայացնելով, ձեզ եք զրկում այդ պատմական վճռորոշ փաստաթղթերը քաղաքական համակարգում քննարկման և շտկման հնարավորությունից, ողջ բեռը վերցնելով ձեր վրա: Հետևաբար ուզում եմ արձանագրենք՝ ձեր ամենաբարդ որոշումը այսօրվա քննարկվող հարցը չէ: Ձեր մասնագիտական և անհատական ամենաբարդ որոշումները դուք կայացնելու եք այսօրվա որոշումից հետո` հաշված ամիսներ անց:
Որոշումը ձերն է»: