կարևոր
1924 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-14 12:28

Դատախազությունը ԿԸՀ է դիմել Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար

Դատախազությունը ԿԸՀ է դիմել Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու նպատակով, այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից:

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ ՀՀ ԿԸՀ են ներկայացվել Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածու Ա. Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:

Առուշ Առոևշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար որպես հիմք նշում են ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, ՀՀ քրեական օրենսգրքի 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասը: Ապա հավելում, թե ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում կատարվող նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը  2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն համայնքի Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Բացի այդ, հավելում են, թե փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ համայնքի ղեկավար Ա. Ա.-ն պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպել է նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի որոշ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև այլ կախվածությունն օգտագործելով ընտրողներին կուսակցությունների հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

«Նկատի ունենալով, որ Գորիս համայնքի ղեկավար Ա.Ա.-ն ընդգրկված է եղել 20.06.2020թ.-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրած «Հայաստան» դաշինքի ցանկում, և այն, որ «Հայաստան» դաշինքն արտահերթ ընտրությունների արդյունքում ձեռք է բերել պատգամավորական մանդատներ ստանալու իրավունք, ուստի, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգիրք 90-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 13.07.2021թ. միջնորդություններ են ներկայացվել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու  համար։

Հիշեցնենք, որ նշված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ. Ա.-ին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 

Նշենք, որ նախօրեին էլ միջնորդություն էր ներկայացվել Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի վերաբերյալ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին բերման էին ենթարկել ՀՔԾ, իսկ ավելի ուշ ազատ արձակել: