կարևոր
13528 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-14 12:19

Այս ընտրությունների իրական արդյունքները խեղաթյուրվել են. ՍԴ-ն միակ մարմինն է, որը կարող է ու պարտավոր է գնահատել ընտրախախտումների ամբողջ շղթան. Արամ Վարդևանյան

Այս ընտրությունների իրական արդյունքները խեղաթյուրվել են. ՍԴ-ն միակ մարմինն է, որը կարող է ու պարտավոր է գնահատել ընտրախախտումների ամբողջ շղթան. Արամ Վարդևանյան

Սահմանադրական դատարանը շարունակում է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը: Կողմերն այսօր հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով։

«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց, թե Սահմանադրական դատարանը միակ դատարանն է, որ կարող է բացահայտել այս ընտրությունների ամբողջ կոնտեքստը։

«Այնպես ստացվեց, որ այս ընտրությունների կոնտեքստի մեջ առանցքային դերակատարում ունի 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, դա իրենից Հայաստանի համար ենթադրում էր հայրենիքի կորուստ, հազարավոր զոհեր ու բարդ ներքաղաքական իրավիճակ։ Հայաստանը նոյեմբերի 9-ից հետո անվտանգ չէ, Հայաստանի քաղաքացին անվտանգ չէ, մեր սահմանները անառիկ չեն, մենք ՍԴ-ում գործի քննություն ենք ունենում, բայց այդ ընթացքում գիտակցում ենք, որ թշնամին մեր սահմաններից կարողանում է ներթափանցել ներս, նման խնդրի առաջ Հայաստանը երբևէ կանգնած չի եղել», - ասաց Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, թե Հայաստանի վարչապետը վերածվել է միապետի, որ նույնիսկ ՀՀ նախագահի լիազորությունն է յուրացնում։  Նա ասաց, որ առավել քան հստակ ներկայացրել են վարչական ռեսուրսի խնդիրը, որն առհասարակ խաթարել էր հավասարության և օրինականության սկզբունքն այս ընտրություններում: 

«Բավականաչափ խոսվեց, թե վարչապետը հրաժարական տալով կարո՞ղ էր շարունակել պաշտոնավարել, թե՞՝ ոչ: Այս հարցի ամենահստակ պատասխանն այն է, թե ինչու որոշեց բոլոր դեպքերում հրաժարական տալով հանդերձ շարունակել պաշտոնավարել: Դրա պատասխանը մեկն է՝ հենց վարչական ռեսուրսի չարաշահումն է, հենց մրցակցային առավելություն արհեստական ձևով ստանալն է»,- ասաց «Հայաստան դաշինքի ներկայացուցիչը: 

Ինչ վերաբերում է բարձրագույն պաշտոն զբաղեցնողի անընդհատության իրավական պրակտիկային, Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ 1998թ.-ին այդ պրակտիկան ընդհատվել էր, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց հրաժարական տալու մասին և դա նշանակում էր հենց հրաժարական։

«Եթե անձը հրաժարական է տալիս, դա հենց հրաժարական է նշանակում, բայց ինչու՞ այլ կերպ եղավ այս դեպքում, պատասխանը հենց վարչական ռեսուրսի չարաշահումն էր։ Բարձր դատարանին ներկայացրեցինք իրավական փաստ առ այն, որ վարչական ռեսուրսը չարաշահվել է։ Հնարավորություն չունեցանք ներկայացնել պարգևատրումների ողջ ծավալը։ Ներկայացրեինք, որ քարոզարշավի կարևոր փուլում միլիարդավոր դրամներ են վերադարձվում իրավաբանական անձանց։ Դա չի արվում մինչև նախընտրական քարոզարշավը, այլ արվում է հենց մայիսի 10-ից հետո։ Ակնհայտ է, որ այդտեղ ոչ մի պատահականություն չկա»,- նշեց Արամ Վարդևանյանը։

Վարդևանյանի համոզմամբ՝ այս ընտրությունների իրական արդյունքները խեղաթյուրվել են և պնդեց՝ ՍԴ-ն միակ մարմինն է, որը կարող է ու պարտավոր է գնահատել ընտրախախտումների ամբողջ շղթան: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչն ընդգծեց, թե միապետությունը չի թակում ՀՀ պետականաության դռները, այլ այն իրականություն է։

«Վերջին երեք տարիները Հայաստանում մեկ ուժի կամքի, պարտադրանքի որոշումների կայացման տարիներ են եղել։ ՀՀ սահմանադրությունը միապետություն ստեղծելու մասին չէ, այն երբեք չի եղել դրա մասին», - ասաց Վարդևանյանը։

«ՍԴ-ն ի զորու է կանխելու հնարավոր նոր աղետները, կանխելու հնարավոր նոր զիջումները, նոր անհասկանալի փաստաթղթերը։ Այս ընտրությունների արդյունքները չեն արտահայտում հայ ժողովրդի իրական կամքը, պատկերը խեղաթյուրված է։ Այս ընտրությունների վերաբերյալ մեր կողմից ներկայացված դիմումը հիմնավոր է», - ասաց Վարդևանյանը։

Ելույթի վերջում Արամ Վարդևանյանն արձանագրեց. «Այս ընտրությունների վերաբերյալ մեր կողմից ներկայացված դիմումը հիմնավոր է, բավարար Սահմանադրական դատարանի կողմից 77-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմ իրացնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն անվավեր է: Դրանից հետո բխող հետևանքները կորոշի Բարձր դատարանը»:

Հիշեցնենք՝ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկել է 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները: