կարևոր
1936 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-13 19:41

«Հայաստան» դաշինքն ահազանգում է՝ իշխանությունը շարունակում է քաղաքական հետապնդումները դաշինքի անդամների և համակիրների հանդեպ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Մինչ Սահմանադրական դատարանում քաղաքական չորս միավոր վիճարկում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ օրինակ բերում նաեւ քարոզարշավին Փաշինյանի անբաժան ուղեկից մուրճն ու դրանով սպառնալիքները, Հայաստանի ողջ տարածքում, ու հատկապես Սյունիքում գործի են անցել իրավապահները։ Հատկանշական է՝ Սյունիքում կալանավորվում, բերման են ենթարկվում, քրեական հետապնդման են ենթարկվում բացառապես այն գործիչները, որոնք հանդես են եկել իշխանություններին հակառակ դիրքորոշումներով։

Շարքն ինքնին խոսուն է՝ Քաջարանի եւ Մեղրու քաղաքապետերը կալանավորված են։ Գորիսի քաղաքապետին մի քանի մեղադրանք է առաջադրված եւ սպասում են, որ նրան էլ կփորձեն կալանավորել։ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ։

Միջնորդություն է ներկայացվել նաեւ Մեղրու համայնքապետի տեղակալին եւ hամայնքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու մասին։ Կալանավորված են Որոտանի, Քարահունջի վարչական ղեկավարները, Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը։ ՈՒ այս պայմաններում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հիշեցնում են, որ թշնամու հազարից ավելի զինվորական շարունակում է Սյունիքում մնալ մեր երկրի տարածքում, Սեւ լճի հատվածում, շարունակում են ոտնձգությունները հայ բնակչության նկատմամբ։ Իսկ սրան դիմագրավելու փոխարեն իշխանությունը ներքին թշնամիներ է փնտրում։ 

Նիկոլի ձեռքը ճար լինի՝ այն 270 հազար քաղաքացուն, որ մեզ քվեարկել է, բոլորին հատ-հատ կձերբակալի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։ Նա նշեց, որ ակնհայտ է, որ փորձելու են այդ ճնշումները շարունակել, բայց չեն հասկանում, որ դա իրենց՝ պայքարից հետ չի պահելու և բոլոր ուղղություններով պայքարը շարունակվելու է։ «Իսկ ինչ վերաբերում է մանդատները վերցնելուն՝ վերջնական որոշումը կկայացնենք ՍԴ որոշումից հետո։ Մենք մանդատները վերցնելը դիտարկում ենք այն տեսանկյունից, թե արդյոք դա մեր պայքարին խթան կլինի՞, և արդյոք նպաստելո՞ւ է մեր պայքարի ընդլայնմանը։ Այդ մանդատները միայն ու միայն ծառայելու են մեր պայքարին նոր ուժ տալու և այս հայրենադավ իշխանության դեմ մեր պայքարն ընդլայնելուն»,-ասաց նա։

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։