կարևոր
2041 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-13 17:55

Վարդավառին ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացրել. հայտնաբերվել է 122 ոչ սթափ վարորդ

Հուլիսի 11-ին՝ Վարդավառի օրը, ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։ Գլխավոր նպատակը անվտանգ հանգիստ ապահովելն էր։

«Ուժեղացված ծառայության մեկնարկը տրվեց վաղ առավոտյան Սևանա թերակղզում։ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա բաժինների, ոստիկանության զորքերի ու ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողներին վերջին հրահանգավորումները ներկայացրեց մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը։

Ուժեղացված ծառայության շրջանակներում ոստիկանները պահպանեցին հասարակական կարգը լողափերում, ճանապարհահատվածներում, տեսարժան վայրերի հարակից տարածքներում։

Լճում հովեկների անվտանգությունն ապահովում էին ջրային ոստիկանության ծառայողները։

Ոստիկանների ծառայությունը պարբերաբար ստուգվում էր ղեկավարության կողմից։

Օրվա առաջին կեսին մեքենաների մեծ հոսք կար դեպի հանգստյան գոտիներ։ Օրվա երկրորդ կեսին պատկերը հակառակն էր։

Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հանրապետության բոլոր մարզերում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Ուժերը հիմնականում կենտրոնացված էին Կոտայքի և Գեղարքունիքի մարզի բանուկ հատվածներում։

Մարզերում ճանապարհային ոստիկանների միջոցառումներով Վարդավառի օրը տարբեր խախտումների համար կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ մոտ 1000 արձանագրություն։ Հայտնաբերվեցին 122 ոչ սթափ վարորդ, որոնցից 33-ը տեղում՝ 1 տարի ժամկետով զրկվեց վարորդական իրավունքի վկայականից, 32 վարորդ մեքենան վարում էր առանց համապատասխան փաստաթղթերի, 83 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր։ Հայտնաբերված խախտումներից 14-ով նախապատրաստվում են նյութեր՝ նախաքննական մարմին ուղարկելու համար», - նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։