կարևոր
1306 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-13 16:21

«Հայաստան» դաշինքի առաջնորդներ Վահե Հակոբյանի և Իշխան Սաղաթելյանի ասուլիսը

«Հայաստան» դաշինքի առաջնորդներ Վահե Հակոբյանի և Իշխան Սաղաթելյանի ասուլիսը

 Շատ հստակ ձևով Հայաստանում շարունակվում է երկրի դիմադրողականությունը կոտրելու և ջարդելու քաղաքականությունը և բոլոր ուժերն ու անհատները, որոնք մեր ազգային դիմադրողականության պահպանողն են, այդ մարդկանց փորձում են մեկուսացնել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Պատահական չէ, որ այս ամենը տեղի է ունենում Սյունիքում, ինչու չէ նաև Տավուշում, որտեղ բանակից հեռանում են լավագույն զինվորականները: Պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքի ղեկավարներին փորձում են ձերբակալել և կալանավորել և սա հստակ քաղաքականություն է, իսկ համայնքապետերի ապօրինի ձերբակալումները կապում ենք առաջիկայում ՀՀ-ին սպասվող ցավոտ լուծումների հետ»,- նշեց նա:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն էլ արձանագրեց, որ դատարանը որոշում է կայացրել Մեղրիի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին 2 ամսով կալանավորելու մասին, մինչ այդ կալանավորվել է Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, երեկ ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, և Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանդեպ ևս իրականացվում է քրեական հետապնդում։