կարևոր
1780 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-13 13:29

Սահմանազատումը և սահմանագծումը պետք է սկսի ադրբեջանցի զինվորականների հեռացմանը զուգահեռ. Արման Թաթոյան

Սահմանազատումը և սահմանագծումը պետք է սկսի ադրբեջանցի զինվորականների հեռացմանը զուգահեռ. Արման Թաթոյան

Յուրաքանչյուր միջադեպի հետ կապված կարևոր է, որպեսզի քրեական գործեր հարուցվեն։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սահմանային միջադեպերին և ադրբեջանական կողմի գործողություններին։

«Քրեական գործեր հարուցելով մենք ապացույցներ ենք ապահովում, որպեսզի պաշտպանենք մեր քաղաքացիներին միջազգային ասպարեզներում, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված ապացույցն այլ արժեք ունի, քրեական գործով հարուցված ապացույցները՝ այլ»,-նշել է նա։

Արման Թաթոյանը հատուկ ուշադրություն է հրավիրել սահմանային բնակչության իրավունքների պաշտպանությունը և անդրադարձել դելիմիտացիայի և դեմարկացիայի հնարավորությանը։

«Իմ կարծիքով՝ այս պայմաններում սահմանային դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց չի կարող տեղի ունենալ, դա կարող է նույնիսկ ավելի մեծ լարվածություն բերել բնակիչների իրավունքների պաշտպանության առումով, որոնք շարունակում են մնալ խախտված»,- ասել է նա և նշել, որ կամ էլ դելիմիտացիան և դեմարկացիան պետք է սկսի ադրբեջանցի զինվորականների հեռացմանը զուգահեռ։

Արման Թաթոյանը նշել է, որ ճիշտ դելիմիտացիան և դեմարկացիան մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիք է, և չնայած այսօր մարդիկ ունեն օրինական փաստաթղթեր իրենց իրավունքներով, բայց զրկված են դրանք օգտագործելու հնարավորություններից։

Նա նաև նկատել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հովանավորել հայատյացությունը, թշնամանքը և դա ֆաշիզմի է հասնում։