Սահմանադրական դատարանն այսօր էլ շարունակում է քննել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներիի, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների բողոքը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով։ Երեկ նիստը շարունակվել է մինչեւ կեսգիշեր։
Նախորդ չորս օրերի ընթացքում Սահմանադրական դատարանը լսել է չորս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, պատասխանող կողմին` ԿԸՀ-ին, համանախագահներին` դատախազության, ոստիկանության, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչներին, երրորդ կողմին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
Այսօր նիստը կշարունակվի «ՔՊ» ներկայացուցչին ուղղված հարցերով:
Նշենք, որ առաջին 2 օրերին ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը 2 անգամ միջնորդություն էր ներկայացրել որպես վկա հրավիրել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին` ընտրությունների օրը հունիսի 20-ին նշանակելու հետ կապված մեկնաբանություն տալու համար, սակայն այս միջնորդությունները մերժվել էին։
Նախորդ օրվա նիստերից մեկում Պատիվ ունեմ դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հանգամանալից ներկայացրեց դաշինքի դիմումի կետերը: Հարությունյանի խոսքով, բազմաթիվ խախտումներ տեղի են ունեցել քվեարկության օրվա ընթացքում, սակայն նպատակահարմար չեն համարում դրանց անդրադառնալ, քանի որ, իրենց գնահատմամբ, արմատական խախտումները, որոնք անթույլատրելի են ժողովրդավարական հասարակությունում, տեղի են ունեցել նախընտրական փուլում։
«Ուստի մեր դիմումի շրջանակներում ՍԴ-ում քննարկման առարկա ենք ցանկանում դարձնել ընտրական գործընթացում տեղ գտած ազատ և հավասար ընտրության իրավունքի սկզբունքների համակարգային խախտումները, որոնք իրենց նախադեպը չեն ունեցել Հայաստանի պատմության ըթնացքում»,-ասաց նա։