կարևոր
2125 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-12 22:57

Պետությունը պետք է ստեղծի հնարավորություններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան ինքնուրույն, արժանապատիվ իրացնել իրենց իրավունքները. ՀՀ ՄԻՊ

Պետությունը պետք է ստեղծի հնարավորություններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան ինքնուրույն, արժանապատիվ իրացնել իրենց իրավունքները. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում հաշմանդամություն ունեցողների խնդիրներին և նրանց նկատմամբ վերաբերմունքին։ 

«Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար լրջագույն խոչընդոտ է կարծրատիպային այն պատկերացումը կամ սխալ վերաբերմունքը, թե նրանց իրավունքների պաշտպանությունը նշանակում է օգնություն ցուցաբերել առողջական սահմանափակումներ ունեցող մարդկանց կամ թե դա անգամ ենթադրում է«խղճահար մոտեցում» կամ «կարեկցանքից» ելնելով օգնություն:

Իրականում, խոսքը պետք է վերաբերի հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքին, նրանց համար ինքնուրույն և անկախ կյանքով ապրելու, հանրային կյանքին նրանց լիարժեք ներգրավման պայմաններ ստեղծելուն:

Պետությունը պետք է ստեղծի հնարավորություններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան ինքնուրույն, արժանապատիվ իրացնել իրենց իրավունքները՝ անկախ կյանքի հմտությունների շնորհիվ: 

Պետք է գնալ խոչընդոտող միջավայրային արգելքները վերացնելու և բոլորի հետ հավասար հիմունքներով նույն հնարավորությունները ստեղծելու ճանապարհով (աշխատանքի հմտություններ և աշխատանքի պայմաններ, ենթակառուցվածքներ, վերաբերմունք և այլն): Ընդ որում, պետք է այդ ընթացքում հաշվի առնել հաշմանդամության բոլոր տեսակները, դրանց յուրահատկությունները: 

Սխալ ընկալումների և կարծրատիպերի պատճառով է, որ շղթայական ոտնահարվում են այլ իրավունքներ ևս, օրինակ՝ արժանապատվության, մասնավոր կյանքի, տեղեկատվության ազատության երաշխավորումը: 

Վիճակը հատկապես մտահոգիչ է չափահաս դառնալուց հետո մասնագիտացված հաստատություններում հաշմանդամություն ունեցող սաների իրավունքների տեսանկյունից, քանի որ նրանք առավել խոցելի են իրենց իրավունքներն ինքնուրույն իրացնելու, հանրային կյանքին ներգրավվելու և հատկապես զբաղվածության ապահովման տեսանկյունից: Ընդ որում, կորոնավիրուսային համավարակի ընթացքում ավելի են խորացել անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու համակարգային խնդիրները:

Այս վիճակի պատճառով է, որ մարդիկ մեկուսանում են հասարակությունից, զրկվում ինչպես համայնքում ներգրավվելու, այնպես այլ իրավունքների իրականացման հնարավորությունից»: