կարևոր
2140 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-12 17:17

Հրմշտոց Հյուսիսային պողոտայում․ հերթում իրենց պատվաստմանն են սպասում Իրանից և Հնդկաստանից ժամանած հազարավոր մարդիկ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

  
Հյուսիսային պողոտայում պատվաստման շարժական կայանի մոտ Իրանի քաղաքացիները մեծ հերթ են ստեղծել: Իրենց հերթն առաջ տանելու և արագ պատվաստվելու համար հաճախ հրմշտում են իրար: Բազմամարդ հերթը հաճախակի խախտվում է, երբ պատվաստվել ցանակացող մարդկանցից մեկը խախտում էր հերթն ու առաջ գնում, սպասող մյուս մարդիկ միանգամից բուռն արձագանքում էր և վեճ էր սկսվում։

Այս մասին անդրադարձել է նաև «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

« Հյուսիսային պողոտան վերածվել է մի մեծ պոլիկլինիկայի, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար հսկայական, անվերջ ձգվող հերթ է։ Հերթում իրենց պատվաստմանն են սպասում Իրանից և Հնդկաստանից ժամանած հազարավոր մարդիկ։

Թվում է, թե շատ լավ է, որ Հայաստանը աշխարհի ամենամարդասեր երկիրն է, որ պատրաստ է իր վրա վերցնել մոտ 80 միլիոնանոց Իրանի և 1.3 միլիարդանոց Հնդկաստանի պատվաստման առաքելությունը, բայց երկու կարևոր հարց, ուղղված վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին, Առողջապահության նախարարին և իրենց կառավարությանը։

Ինչո՞ւ ենք մենք արդեն տևական ժամանակ ստանձնել այլ երկրների քաղաքացիների պատվաստման առաքելությունը։ Փաստորեն մեր տնտեսական վիճակը մեզ թույլ է տալիս հոգ տանել և զբաղվել նաև այլ երկրների քաղաքացիների առողջությանբ։ Ում փայլուն միտքն է եղել այս որոշումը։

Ինչո՞ւ հենց հատկապես Հյուսիսային պողոտա։ Ինչո՞ւ է օտարերկրացիների պատվաստումն արվում հենց Երևանի կենտրոնում։ Ինչո՞ւ ոչ այլ վայրում, նույնիսկ այլ քաղաքում։ Այս ինչ ձգողական ուժ ունի այս պողոտան, որ հյուրերին տանում եք Հյուսիսային պողոտայով գլուխ գովալու, երեկոները անցկացնում պողոտայի սրճարաններում և ձեռքի հետ էլ վերածում եք հանրապետության թիվ 1 պոլիկլինիկայի։

Հիմա հասկանալի է, չէ, թե պատերազմի ժամանակ ինչպիսի վերաբերմունք է եղել առանցքային հարցերին։ Նույն կերպ էի՞ք կազմակերպել Արցախի պաշտպանությունը, նույն կերպ էի՞ք ղեկավարում պատերազմը, նույն կերպ ե՞ք պատրաստվում իրականացնել մեր երկրի սահմանազատումը, վարել բանակցություններ։

Ի վերջո չի կարելի բոլոր հարցերում լինել այսքան թափթփված, անկազմակերպ, անպատասխանատու»,-գրել է Վարդանյանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 9-ից օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստումների իրականացման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն, մասնավորապես՝ նրանք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երեւանում` Հյուսիսային պողոտայում, Դալմա Մոլի, Մեգա Մոլի, Ռոսիա Մոլի եւ Կասկադի հարակից տարածքներում ծավալված շարժական պատվաստումային կետերում: Իսկ հուլիսի 15-ից սկսած Հայաստանում ուժի մեջ կմտնի պահանջ, ըստ որի՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները կպատվաստվեն, եթե կբնակվեն մեր երկրում առնվազն 10 օր: