Բաքվի դատարանում այսօր հետաձգվել է հայ ռազմագերիների նկատմամբ դատավարության հերթական նիստը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դատալսումը հետաձգվել է մեղադրյալների փաստաբաններից մեկի չներկայանալու պատճառով: Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 26-ին:
13 հայ զինվորի առաջադրվել է միևնույն կեղծ մեղադրանքը՝ «ապօրինի զենք, զինամթերքի ձեռք բերում», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում», «ահաբեկչություն»: Նրանց սպառնում է 14-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկում: Ադրբեջանական Trend գործակալությունը հրապարակել էր հայ ռազմագերիների անունները: Նրանք են՝ Եղիշե Հովհաննեսի Աստանյան, Կարեն Արմենի Արամյան, Տիգրան Մանիկի Ավագյան, Գրիգոր Գևորգի Գևորգյան, Հովսեփ Ռոբերտի Մանուկյան, Գևորգ Սամվելի Մարտիրոսյան, Ռոբերտ Հովիկի Գևորգյան, Վաղարշակ Աշոտի Ավետիսյան, Վոլոդի Գագիկի Հակոբյան, Անդրանիկ Սրապի Սուքիասյան, Անդրանիկ Տիգրանի Մանուկյան, Գրիգոր Սեյրանի Սաղաթելյան և Էդուարդ Արմենի Հիրագուսյան:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ավարտել էր շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 14 հայ ռազմագերու դատավարությունը: Դատավարության ժամանակ հրապարակվել է դատավճիռը, ըստ որի՝ Հրաչ Արզումանի Ավագյանն ու Գեղամ Սամվելի Սերոբյանն ազատազրկվել են 4 տարի, իսկ մնացածը ՝ 6 ամիս ժամկետով։
Դատավճռի հրապարակումից հետո՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերի։ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Հադրութի և Քաշաթաղի շրջանների շուրջ 92 000 92 հազար հակատանկային և հակահետևակային ականների քարտեզները:
Հիշեցնենք դատական նախորդ նիստը տեղի էր ունեցել հուլիսի 5-ին։