Կառավարությունում մեկնարկել է արտահերթ նիստը, որն, առանց հիմնավորման, անցկացվում է դռնփակ:
Գործադիրը քննարկում է 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը եւ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին հարցը: Ապրիլին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր, որ Հայաստանի պետական պարտքը գերազանցում է Համախառն ներքին արդյունքի օրենքով նախատեսված առավելագույն 60 տոկոսը եւ գործադիրը նախատեսում է մինչ 2026 թվականը պետական պարտքի կառավարության բաղադրիչը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ 60 տոկոսից նվազեցնել։
Այս պարտքին ավելացել է եւս մեկ խոշոր գումար։ Կառավարությունը 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» հիմնադրամից վերցրել էր համահայկական հանգանակության արդյունքում հավաքված 170 միլիոն դոլարից 100 միլիոնը, որն էլ մեծ աղմուկ էր բարձրացրել։ Արդյունքում, եղած սկանդալը հարթելու համար, այն ձեւակերպվել էր հիմնադրամից պարտք կառավարությանը։
Նշենք, որ երեկ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց, առավոտյան ավելացել են օրակարգում ընդգրկված հարցերը։
Հայկ Գրիգորյանը կազատվի ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից: Նրա փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի տեղակալը՝ Արգիշտի Քյարամյանը: