Սահմանադրական դատարանն այսօր էլ է շարունակում է քննել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներիի, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների բողոքը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով։ Երեկ նիստը շարունակվել է մինչեւ կեսգիշեր։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի 2021 թվականի հուլիսի 12-ին, ժամը 10:00-ին։ Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև 24:00-ն: Այս մասին տեղեկացրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։
Նշենք, որ առաջին 2 օրերին ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը 2 անգամ միջնորդություն էր ներկայացրել որպես վկա հրավիրել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին` ընտրությունների օրը հունիսի 20-ին նշանակելու հետ կապված մեկնաբանություն տալու համար, սակայն այս միջնորդությունները մերժվել էին։
Երեկվա նիստին Պատիվ ունեմ դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հանգամանալից ներկայացրեց դաշինքի դիմումի կետերը: Հարությունյանի խոսքով, բազմաթիվ խախտումներ տեղի են ունեցել քվեարկության օրվա ընթացքում, սակայն նպատակահարմար չեն համարում դրանց անդրադառնալ, քանի որ, իրենց գնահատմամբ, արմատական խախտումները, որոնք անթույլատրելի են ժողովրդավարական հասարակությունում, տեղի են ունեցել նախընտրական փուլում։
«Ուստի մեր դիմումի շրջանակներում ՍԴ-ում քննարկման առարկա ենք ցանկանում դարձնել ընտրական գործընթացում տեղ գտած ազատ և հավասար ընտրության իրավունքի սկզբունքների համակարգային խախտումները, որոնք իրենց նախադեպը չեն ունեցել Հայաստանի պատմության ըթնացքում»,-ասաց նա։