կարևոր
9289 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-11 14:05

Փաշինյանի բռնության կիրառման սպառնալիքներն ու ահաբեկումներն իրական վտանգ են ինչպես ընտրությունների ընթացքում, այդպես էլ դրանից հետո. Դավիթ Հարությունյան

Փաշինյանի բռնության կիրառման սպառնալիքներն ու ահաբեկումներն իրական վտանգ են ինչպես ընտրությունների ընթացքում, այդպես էլ դրանից  հետո. Դավիթ Հարությունյան

«Մեր դիմումում ներկայացված հիմքերը բավարար են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար, բայց մեր նպատակն է  անդրադառնալ այս ընտրությունների ժամանակ ի հայտ եկած այլ ֆունդամենտալ արարքներին ևս»։  Այս մասին ՍԴ-ում այսօր նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Արդարադատության նախկին նախարար  Դավիթ Հարությունյանը 

Նա նշեց, որ բռնության և սպառնալիքների մթնոլորտը չի սահմանափակվել միայն հրապարակային կոչերով ու արտահայտություններով, ինչպես ընտրությունների ընթացքում, այդպես էլ դրանից  հետո դրսևորվել է կոնկրետ գործողություններով ու հետևանքներով։ «Ընտրությունից հետո Փաշինյանի  չագուչը ողջ թափով և հզորությամբ գործի է անցել և խոստացված կադրային ջարդի առաջին պտուղներն արդեն երևում են», - ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա հիշեցրեց Հանրային հեռուստաընկերության եթերում ընտրություններից հետո Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքը, ով վերահասատատել էր այդ միտքը, նշելով՝ «մենք կադրային ջարդ ենք խոստացել և այն լինելու է,  ընդհանրապես պետական համակարգը պետք է կուռ լինի ու միանշանակ ծառայի հաղթած ուժին»։

Նրա հավաստմամբ, աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել պարտադրվել է համայնքային ծառայողների, դպրոցների տնօրենների, ՊՈԱԿ-ների աշխատակիցների, որոնք անդամակցում են ընդդիմադիր կուսակցություններին։ Ընտրություններից հետո իշխանությունների ճնշման արդյունքում հրաժարականի դիմում են ներկայացրել եզդիական 4 համայնքների ղեկավարներ, որտեղ քաղաքական իշխող ուժը պարտվել էր։ «Իշխանություններն ակտիվ քայլեր են ձեռնարկում, որ պաշտոնից հեռանան այն համայնքապետերը՝ մի կողմից, որոնց համայնքներում իշխանությունները պարտվել են, նաև այն ընդդիմադիր համայնքապետերը, որոնց համայնքներում իշխանությունները հաղթել են։

Քաղաքագիտության մեջ սա անվանվում է  ոչ այլ ինչ, քան դիկտատուրա, այսինքն՝ ոչինչով չսահմանափակված իշխանություն»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը։

Նրա խոսքով, Փաշինյանի բռնության կիրառման սպառնալիքներն ու ահաբեկումները իրական վտանգ են ներկայացրել և մարդկանց մտավախությունը նախընտրական շրջանում և նրանց զգուշավորությունը լիովին արդարացված է։ Դավիթ Հարությունյանի խոսքով, մտահոգիչ ու վտանգավոր է  այն հանգամանքը, որ բռնության և սպառնալիքի մթնոլորտն ուղեկցվել է իրավապահ մարմինների անգործությամբ և աջակցությամբ։ «Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ կուսակցության նախընտրական քարոզչությունն ու հավաքներն  ուղեկցվել են ոստիկանության և անվտանգության աշխատակիցների գերլայնածավալ ներգրավածությամբ և ուժի ցուցադրմամբ։ Այստեղ հարց է ծագում՝ արդյոք այդ փուլում Փաշինյանը օրինական հիմքերով էր զբաղեցնո՞ւմ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Հենց այս հարցն ենք առաջադրում Սահմանադրական դատարանի լուծմանը, որովհետև եթե այդ հարցի պատասխանը լինի «ոչ», դա նշանակում է, որ այն վարչական  ռեսուրսը,  որն օգտագործել է  Փաշինյանը որպես օրինական, իրականում ապօրինի է»։

Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով հիմնավորումներ, մեջբերումներով Սահմանադրությունից ու համապատասխան օրենքներից, ընդգծեց՝ Փաշինյանը, հրաժարական տալուց հետո, չէր կարող զբաղեցնել  վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը: