«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը պնդում է, որ իրենց արձանագրած խախտումները բավարար են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչվեն: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, ՍԴ նիստում ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը:
Նա մտահոգություն հայտնեց, որ գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության՝ հաշվի առնելով ՍԴ դատավորների հարց ու պատասխանը, արձանագրված որոշ փաստեր։ Զոհրաբյանի խոսքով՝ առ այսօր իրենք չեն ստացել մյուս երեք դիմողների դիմումները, որոնք քննարկվում են մեկ գործի շրջանակում։ Բացի այդ՝ Զոհրաբյանը նշեց, որ չեն քվեարկվել և քվեարկության չեն դրվել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացրած միջնորդությունները․
«Մեր դիմումի տեքստում նշել էինք 5 միջնորդություն, առ այսօր որևէ որոշում չունենք։ Մինչդեռ արձանագրել ենք, որ Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշումներով անդրադարձել է այլ դիմողների միջնորդություններին։ Մեր միջնորդություններն անտեսվել են, դրանք ուղղված էին պետական մարմիններից որոշակի տեղեկություններ պահանջելուն, հատուկ էինք դիմումի հետ ներկայացրել, որ ժամանակը տնտեսեինք»,- ասաց Արա Զոհրաբյանը։
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը վստահեցրեց, որ որևէ միջնորդություն առանց քննարկման չի մնալու: «Եվ որևէ կողմ մյուսի համեմատ ավելի բարենպաստ վիճակում չի գտնվելու»,-վստահեցրեց ՍԴ նախագահը:
Զոհրաբյանը նաև նշեց, որ ընտրություններն անցել են գերլարված մթնոլորտում՝ բոլոր կողմերից։ Ըստ նրա՝ Փաշինյանի կողմից օգտագործվում են արտահայտություններ, որոնք կարող են դիտարկվել որպես բռնության կոչեր։
Զոհրաբյանը խոսեց նաև վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման մասին: «Մինչև քարոզչությունը մեկնարկելը վարչապետի լիազորություններն իրականացնող Նիկոլ Փաշինյանը ծառայողական հանդիպումներ է ունեցել մարզերում, որը փաստացի քարոզչություն է եղել, և այդտեղ օգտագործել է վարչական ռեսուրսը: Այսինքն՝ նա գնացել է մարզերում հանդիպումների որպես վարչապետի պաշտոնակատար, բայց տեքստերից էլ ակնհայտ էր, որ նա սկսել է իրականացնել քարոզչություն: Եվ բնական է, որ այս առումով մեծ առավելություն է ձեռք բերել մյուս բոլոր կուսակցությունների նկատմամբ՝ առավել ևս նոր սկսող կուսակցությունների»,-ասաց կուսակցության ներկայացուցիչը:
Զոհրաբյանի դիտարկմամբ՝ խախտումները բավարար են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։
Հիշեցնենք՝ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին: