կարևոր
2779 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-10 12:16

ՍԴ-ն դատավորների ձայների մեծամասնությամբ որոշվեց ՀՀ նախագահին հրավիրելու նոր միջնորդությունը քննել ընդմիջումից հետո

ՍԴ-ն դատավորների ձայների մեծամասնությամբ որոշվեց ՀՀ նախագահին հրավիրելու նոր միջնորդությունը քննել ընդմիջումից հետո

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը կրկին՝ մեկ այլ հոդվածով, միջնորդություն ներկայացրեց ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով ՍԴ նիստին որպես վկա հրավիրելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Թովմասյանը նման առաջարկությամբ հանդես եկավ հուլիսի 10-ի նիստում՝ ՍԴ-ի կողմից միջնորդությունը մեկ անգամ արդեն մերժելուց հետո:

«ՍԴ-ում գործի քննությունն իրականացնելու պարագայում առաջին խնդիրը պատշաճ ընթացակարգով իրականացնելն է, որի նկատմամբ հսկողությունը պետք է ինքներս ներկայացնենք։ Պետք չէ ցավագին ընդունել դատավորներից մեկի առաջարկությունն այդ ընթացակարգերի պահպանման վերաբերյալ, որովհետև մեզ հետևում է ամբողջ երկիրը, գնահատականներ են տրվելու և ինքներս պետք է այդ ընթացակարգերը պահպանենք, որ մեր ապագա որոշումը որևէ մեկի կողմից չքննադատվի և խոցելի չլինի»,-ասաց Թովմասյանը։ 

Հրայր Թովմասյանը նախ նշեց, որ նախագահին որպես վկա հրավիրելու իր միջնորդությունը մերժվել է, քանի որ պարզապես վրիպակ է եղել, ինքը հղում է արել այլ հոդվածի:

«Ուստի ես հիմա շտկում եմ այդ վրիպակը և առաջարկում եմ՝ ՀՀ նախագահին սույն գործով պարզման ենթակա հանգամանքները պարզելու համար ներգրավել որպես վկա, առաջնորդվում եմ 55-րդ հոդվածով»,-ասաց Թովմասյանը:

Նա պնդեց, որ գործով երեք դիմողները բարձրացրել են հարց, որի պատասխանը ոչ պատասխանողը, ոչ հարակից պատասխանողները չեն կարող տալ: Նա հավելեց՝ իր համար գործի ելքի համար էական նշանակություն ունեցող հանգամանք է, էական հանգամանք է նաև հանրության համար: «Կասկածներ չունեմ, որ նախագահին հարկադրվել է, պարտադրվել է, բայց դատարանը պետք է անդրադառնա դրան, պետք է գնահատական տա դիմողների կողմից բարձրացված հարցերին»,-ասաց Թովմասյանը:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն էլ հայտարարեց, որ ՍԴ-ն՝ իր բոլոր գործողություններում և որոշումներում առաջնորդվում է միայն օրենքով և Սահմանադրությամբ։

ՍԴ-ն դատավորների ձայների մեծամասնությամբ որոշեց Հրայր Թովմասյանի վերոնշյալ միջնորդությունը և ևս մեկ միջնորդությանն անդրադառնալ ընդմիջումից հետո: 

Հուլիսի 9-ին Հրայր Թովմասյանը միջնորդել էր հրավիրել հանրապետության նախագահին, որպեսզի նա ներկայացնի, թե ինչ պայմաններում է որոշել ընտրության օրը նշանակել հունիսի 20-ին: