կարևոր
853 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-07-10 10:34

Անդառնալի խախտվել է դատական ընթացակարգը, և որևէ կերպ չի կարող շտկվել թույլ տրված սխալը․ Ռուբեն Վարդազարյանի փաստաբանական թիմ

Անդառնալի խախտվել է դատական ընթացակարգը, և որևէ կերպ չի կարող շտկվել թույլ տրված սխալը․ Ռուբեն Վարդազարյանի փաստաբանական թիմ

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի պաշտպանական թիմը մանրամասներ է հրապարակել նրա հանդեպ հարուցված քրեական գործի և դատավարության ընթացքի մասին։

Տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«2021 թվականի ապրիլի 14-ին Գլխավոր դատախազը որոշում էր կայացրել ավելի վաղ իր հարուցած թիվ 61202221 քրեական գործով Ռուբեն Վարդազարյանին (դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Ապրիլի 15-ին դռնփակ նիստում ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշում էր կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին:

Ապրիլի 22-ին դատավոր Ռուբեն Վարդազարյանը բողոք էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատա­րան Գլխավոր դատախազի 2021 թվականի ապրիլի 14-ի «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշման դեմ:

Դեռևս մայիսի 31-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող՝ դատավոր Դավիթ Հարությունյան) հրապարակել էր բողոքի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը, որով դատարանը արձանագրել էր Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումները և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին դրանք վերացնել:

Դատարանների ծանրաբեռնվածության պատճառով դատական ակտի ամբողջական տեքստը ստացվել է հուլիսի 7-ին: Ակտի համաձայն՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում հարուցվել, այսինքն՝ մեղադրանք առաջադրվել, առանց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախնական համաձայնության: Հետևաբար՝ առանց նման թույլտվության հաղթահարված չի եղել Ռուբեն Վարդազարյանի որպես դատավորի ընթացակարգային անձեռնմխելիությունը, իսկ մեղադրանք առաջադրելով խախտվել են վերջինիս իրավունքները և միջնորդավորված՝ նաև դատական իշխանության անկախությունը:

Հաշվի առնելով, որ արդեն իսկ անդառնալի խախտվել է ընթացակարգը, և որևէ կերպ չի կարող շտկվել թույլ տրված սխալը, իրավունքի խախտումը վերացնելու միակ եղանակը անհապաղ քրեական հետապնդումը դադարեցնելն է:

Տարընկալումներից խուսափելու համար, ինչպես նաև հաշվի առնելով արդեն հնչող տարատեսակ կարծիքները դատարանի որոշման ուժի մեջ մտնելու մասին տեղեկացնում ենք՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածը ոչ երկիմաստ, միանգամայն հստակ և միանշանակորեն է նախատեսում, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Առկա չէ որևէ իրավական նորմ, որի համաձայն՝ ուժի մեջ մտած /հրապարակման փաստով/ գործն ըստ էության չլուծող դատական ակտի կատարումը կարող է կասեցվել կամ հետաձգվել, եթե դրա դեմ բերվել է բողոք կամ բողոքը ընդունվել է վարույթ կամ բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանը քննություն է իրականացնում կամ տեղի է ունենում ցանկացած այլ գործընթաց:

Հակառակը, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի չկատարումը հասցեատիրոջ /տվյալ դեպքում՝ վարույթն իրականացնող մարմնի/ կողմից՝ հանգեցնում է քրեական պատասխանատվության:

Դատական ակտի կատարումը ապահովելու համար ս․թ․ հուլիսի 8֊ին ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված դիմումին կցվել է դատական ակտի օրինակը:

Որպես մեղադրյալ ներգրավելու որոշման բողոքարկման վարույթի շրջանակներում ԲԴԽ նախագահ, դատավոր Ռուբեն Վարդազարյանին ներկայացրել են՝ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը, ավագ իրավաբան, գրասենյակի քրեական իրավունքի պրակտիկայի ղեկավար, փաստաբան Հովհաննես Խուդոյանը և կրտսեր իրավաբան Լուսինե Հովհաննիսյանը:

Հ.Գ. Բողոքարկվել է նաև քրեական գործ հարուցելու որոշումը: Նշված բողոքը գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյան) վարույթում: Բողոքի շրջանակներում տեղի է ունեցել նիստ, որը հետաձգվել է, առայժմ նոր նիստ չի նշանակվել»,- ասված է հայտարարության մեջ: