կարևոր
1795 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-09 23:19

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանին կմասնակցի 10 թիմ. ՀՖՖ

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանին կմասնակցի 10 թիմ. ՀՖՖ

Հուլիսի 9-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:  Կայացվեցին մի շարք կարևոր որոշումներ, մասնավորապես, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից թիմերի և ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամի հաստատման վերաբերյալ:

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները միաձայն կողմ քվեարկեցին ԲԿՄԱ-ի՝ հաջորդ մրցաշրջանում VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալուն: Հարցի շուրջ դրականորեն էին արտահայտվել նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մասնակից բոլոր ակումբները: Շատ կարևոր է, որ ԲԿՄԱ-ում հանդես եկող ֆուտբոլիստները, որոնք հիմնականում հանդիսանում են Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականների անդամներ, խաղան ավելի բարձր մակարդակի առաջնությունում՝ ավելի ուժեղ թիմերի դեմ, ինչը կնպաստի նրանց որակական աճին:

Այսպիսով, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանին կմասնակցի 10 թիմ՝ «Ալաշկերտ», «Նոա», «Ուրարտու», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Վան» «Փյունիկ» «Սևան», ԲԿՄԱ «Նորավանք»: Մրցաշարը կանցկացվի 4 շրջանով:

Այնուհետև քննարկումներ ծավալվեցին Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից թիմերի վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԿՄԱ-ն այսուհետ հանդես է գալու VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում, ինչպես նաև 2002- 2003 թթ. ծնված, զորակոչային տարիքի ֆուտբոլիստների համար խաղային պրակտիկա ապահովելու համար ՀՖՖ-ն որոշել է ստեղծել նաև ԲԿՄԱ-2, որը հանդես կգա Առաջին խմբում: Այս թիմի կորիզը կկազմեն Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները: Թիմը կարող են համալրել նաև Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականում հանդես եկող, 2004 թվականին ծնված լավագույն ֆուտբոլիստները:

Չնայած Գյումրիի «Շիրակը» ուշացումով էր ՀՖՖ ներկայացրել Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակցության հավաստագիրը, ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշեց ընդառաջել «Շիրակ» ՖԱ-ին և թույլ տալ մասնակցել Առաջին խմբի առաջնությանը՝ կարևորելով Հայաստանի առաջնություններում Գյումրին ներկայացնող թիմի առկայությունը:

Այսպիսով Հայաստանի Առաջին խմբի առաջնության՝ 2021/2022 մրցաշրջանին կմասնակցեն 7 թիմ՝ «Լեռնային Արցախ», «Շիրակ», ԲԿՄԱ-2, «Արարատ-Արմենիա-2», «Ուրարտու-2», «Փյունիկ ակադեմիա», «Ալաշկերտ-2»: Մրցաշարը կանցկացվի 5 շրջանով:

Այնուհետև հաստատվեց VBET Հայաստանի Գավաթի խաղարկության մասնակից թիմերի քանակը և ձևաչափը: Մրցաշարին կմասնակցեն 12 թիմ: «Արարատ-Արմենիան», «Վանը» «Փյունիկը» «Սևանը», ԲԿՄԱ-ն, «Նորավանքը», «Լեռնային Արցախը» և «Շիրակը» պայքարը կսկսեն 1/8 եզրափակչից: Քառորդ եզրափակիչ դուրս եկած 4 թիմերին կմիանան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում առաջին 4 տեղերը զբաղեցրած թիմերը՝ «Ալաշկերտը», «Նոան», «Ուրարտուն», «Արարատը»: