ԱՄՆ-ն մտադիր է մինչեւ օգոստոսի վերջ Աֆղանստանից դուրս բերել այդ երկրի հազարավոր բնակիչների, որոնք ավելի վաղ օգնել են ամերիկացի զինվորականներին, այդ թվում՝ աշխատել են թարգմանիչներ: Այս մասին ասված է The Wall Street Journal-ում։
Նշվում է, որ ամերիկյան իշխանությունները կքննարկեն նշված անձանց մուտքն ԱՄՆ թույլատրելու հնարավորությունը: Ենթադրվում է, որ աֆղանցիները կսպասեն այլ երկրներում կամ ԱՄՆ-ի կառավարման ներքո գտնվող տարածքներում իրենց ամերիկյան վիզաների տրամադրման որոշմանը:
Թերթի տեղեկություններով՝ Աֆղանստանի նշված քաղաքացիներին, հավանաբար, կհասցնեն Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ կամ ԱՄՆ-ին պատկանող խաղաղօվկիանոսյան Գուամ կղզի:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հինգշաբթի լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն օգոստոսին թռիչքներ է իրականացնելու թարգմանիչներին և ԱՄՆ-ի այլ աֆղանական դաշնակիցներին տեղափոխելու համար: Պաշտոնյաները գնահատել են աֆղանստանցիների թիվը, որոնց պետք է տարհանել, շուրջ 9000-ից 16000-ի սահմաններում է: