ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր լրագրողներին տեղեկացրել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ բնականաբար ի թիվս այլ հարցերի, կքննարկվի անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով ներկա իրադրությունը։
Կլինի նաև կարծիքների փոխանակում մեր քաղաքական երկխոսության դինամիկայի, տնտեսության, հումանիտար ոլորտում հարաբերությունների հետագա պահպանման շուրջ», - ասել է ռուս դիվանագետը: Կողմերը, ըստ Կոպիրկինի, կխոսեն հարաբերությունների հետագա խորացման մասին՝ հաշվի առնելով ընտրություններից հետո Հայաստանում կատարվող իրադարձությունները։
Սպասվում է , որ կողմերը կքննարկեն նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։
Կոպիրկինն անդրադարձել է նաև հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցին, նշելով որ դա Ռուսաստանի ղեկավարության և ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հիմնական առաջնահերթություններից է։
«Մեր դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ հայտնի է: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ գերիները պետք է փոխանակվեն «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով: Ինչևէ, կփորձենք լուծել այս խնդիրը այն տարբերակով, որով հնարավոր է: Կրկնում եմ, որ այս հարցը մնում է մեր հիմնական առաջնահերթությունների թվում, և աշխատանքն այս ուղղությամբ, անկասկած, շարունակվելու է», - նշել է Սերգեյ Կոպիրկինը:
Հիշեցնենք, հուլիսի 3-ին, Ռուսաստանի միջնորդությամբ, ևս 15 գերևարված ՀՀ քաղաքացի էր վերադարձել Հայաստան: