կարևոր
2782 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-06 19:39

Դատախազությունը բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել է դատարան

Դատախազությունը բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: 

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հաստատվել է բժշկական կենտրոնի ղեկավարի կողմից այդ բուժհաստատության աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն առերևույթ պարտադրելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Ա. Չարչյանի, այսօր ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Հիշեցնենք, որ քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր 2021թ հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Բժիշկ Չարչյանին նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ մեկ ամսով:

Մինչ այդ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով դիմել էր ՀՀ ԿԸՀ՝ Ա. Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններով, որոնք ՀՀ ԿԸՀ-ն բավարարել էր:

Հ.Գ. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հավելենք նաև, որ այսօր՝ հուլիսի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ քննում էր Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Որոշումը կհրապարակվի հուլիսի 8֊ին՝ ժամը 11։00֊ին։

Չնայած առողջական խնդիրներին՝ հուլիսի 3-ին Արմեն Չարչյանին տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ: «Այնպես չէ, որ նրա առողջական վիճակը լավ է: Ունի շաքարային դիաբետ, շատ բարձր է ներկա պահին: Երբ նրան տեղափոխում էին, կար բժշկի կողմից տրամադրված համապատասխան տեղականք, ուղեգիր, որ բժշկական հսկողության կարիք ունի, և այդ բժշկական հսկողությունը փաստացի նրան այս պահի դրությամբ չի ապահովվում»,- այսօր լրագրողներին տեղեկացրել էր պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: 

«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել էր ցուցմունք տալ եւ պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ։