կարևոր
1303 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-06 19:08

6 ամիս քննելուց հետո դադարեցվել է «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Միհրան Հակոբյանի նկատմամբ «Չաուշեսկու» գործով քրեական հետապնդումը

6 ամիս քննելուց հետո դադարեցվել է «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Միհրան Հակոբյանի նկատմամբ «Չաուշեսկու» գործով քրեական հետապնդումը

Փաստաբան Միքայել Շխիմյանը տեղեկացնում է, որ երկարատև քննությունից հետո, այսօր, վարույթն իրականացնող մարմինը որոշում կայացրեց դադարեցնելու քրեական հետապնդումը «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս, Միհրան Հակոբյանի նկատմամբ:

«Խոսքը հայտնի «Չաուշեսկու» գործի մասին է, մասնավորապես Մ.Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանից հետո, երբ վերջինս հանդիսանալով պատմաբան, իր հարցազրույցներից մեկում որպես պատմական փաստարկ մեջ էր բերել Ռումինիայի նախագահ Նիկոլայ Չաուշեսկու կյանքի պատմությունը, վերջինիս անփառունակ վախճանը...

Շնորհակալ ենք վարույթն իրականացնող մարմնին օբյեկտիվ որոշում կայացնելու համար!!!»:

Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանի վերաբերյալ գործը հարուցվել էր հարցազրույցներից մեկի ընթացքում Չաուշեսկու ընտանիքի պատմությունը ներկայացնելու համար: Հակոբյանը, խոսելով Հայաստանում տիրող իրավիճակի մասին, որպես պատմական օրինակ, ի թիվս այլնի, մատնանշել էր Չաուշեսկու ընտանիքի պատմությունը. Չաուշեսկու ընտանիքը ռումինական տրիբունալի կողմից դատապարտվել էր մահապատժի։

Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել 2020 թվականի դեկտեմբերին, և, վեց ամիս քննությունից հետո, վարույթն իրականացնող մարմինը եկել է եզրահանգման, որ նրա արարքում հանցակազմ չկա։