Այսօր՝ հուլիսի 6-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը որոշեց ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հունիսի 29-ի «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» ԱԺԽՈ-041-Ա որոշումը, որի համաձայն՝ իմ քայլը խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարությամբ նշել էր, որ Հերիքնազ Տիգրանյանն անօրինական է ընդգրկվել մրցութային խորհրդում: «Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան խստորեն դատապարտում է այս ապօրինի նշանակումը և ևս մեկ անգամ վերահաստատում է իր այն դիրքորոշումը, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում տապալված է, և այդ պայքարի շղարշի ներքո իրականում տեղի են ունենում անձնական և կորպորատիվ շահերի սպասարկում։ Կոալիցիան նաև դիմում է ԱԺ պատգամավորներին հարցով, թե արդյոք վերջիններս տեղեկացվա՞ծ են օրենքի այս պահանջի մասին և դիտավորությամբ կայացրել են ապօրինի որոշում, թե՝ չիրազեկվածության պատճառով հայտնվել են մոլորության մեջ և անփութությամբ ապօրինի գործընթացի մասն են կազմել»,- նշված էր հայտարարության մեջ: