Հուլիսի 3-ին ռուսական կողմի միջնորդոթյամբ եւ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ եւս 15 հայ ռազմագերի վերադարձավ հայրենիք:
Գերիների վերադարձից հետո Հայաստանի կառավարությունը հայտնեց, որ հայկական կողմը որպես բարի կամքի դրսեւորում Ադրբեջանին է փոխանցել Վարանդայի եւ Կովսականի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները: Ի դեպ, կառավարության հաղորդագրությունում ադրբեջանական վերահսկողության տակ անցած արցախյան շրջանների ոչ թե հայերեն, այլ ադրբեջանական տեղանուններն էին հիշատակված՝ Ֆիզուլի եւ Զանգելան: Բայց կատարվածն այլ կերպ է ներկայացնում պաշտոնական Բաքուն: Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ Հայաստանը նշված շրջանների՝ շուրջ 92 000 ականների քարտեզներն է փոխանցել Բաքվին, որի դիմաց է Ադրբեջանը բարի կամք դրսեւորել ու Հայաստանին փոխանցել ադրբեջանական դատարանի որոշմամբ 6 ամսվա ազատազրկման դատապարտված գերիներին, որոնց պատժաչափն արդեն լրացել էր:
Ականապատման քարտեզների՝ Ադրբեջանի համար ունեցած կարեւորությունը պարզ դարձավ նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ յուր տիկնոջ՝ հայկական Շուշի ուղեւորվելիս Ալիեւների հետ զրույցի ընթացքում:
Ստացվում է՝ հայկական կողմը քարտեզների տրամադրումն է ներկայացնում որպես բարի կամքի դրսեւորում, Բաքուն՝ որպես իրենց կողմից բարի կամքի դրսեւորում՝ 15 գերու վերադարձը: Այնինչ կատարվածի մեկ այլ՝ երրորդ տարբերակ է ներկայացնում ռուսական կողմը: Գերիների վերադարձի եւ քարտեզների տրամադրման գործընթացի անմիջական մասնակից Ռուստամ Մուրադովը երկու կողմերի կատարած քայլերը մեկնաբանում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման համատեքստում: Եռակողմ հայտարարությունում եթե գերիների վերադարձի մասին դրույթ կար, ապա քարտեզների՝ Ադրբեջանին փոխանցման մասին նման կետ բացակայում է:
Մանրամասնում է Հայկ Սահակյանը: