Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել պետական աշխատակիցների գործուղումների վերաբերյալ հաշվետվություններում: Ըստ այդմ, չեն հրապարակվելու գործուղումների նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, հանդիպման ժամանակ ընդունված որոշումների մասին տեղեկությունները:
Որպես հիմնավորում նշվում է, որ ներկայացվող տվյալները կարող են առաջացնել ռիսկեր պետական շահերի սպասարկման տեսանկյունից:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահը նախագիծը խնդրահարույց է համարում, քանի որ առաջին հերթին, ըստ Շուշան Դոյդոյանի, տեղեկատվության ազատության ցանկացած սահմանափակում պետք է բխի ժողովրդավարությունից:
Շուշան Դոյդոյանը հիշեցնում է, որ կառավարության ստանձնած հանձնառություններից է Բաց կառավարման միջազգային գործընկերության շրջանակում պաշտոնական գործուղումների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը:
Ըստ փորձագետի նաեւ իրավական խնդիր կա, քանի որ տեղեկատվությունը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով, եւ ոչ ենթաօրենսդրական ակտով, ինչպես օրինակ այս դեպքում:
«Նախարարությունը մեկ այլ նախաձեռնությամբ էլ առաջարկում է սահմանափակել նաեւ գործուղումների ճախսերի վերաբերյալ տվյալները, օրինակ, թե ինչ արժեքով են ձեռք բերվում թռիչքի տոմսերը»,- նշում է Դոյդոյանն ու հավելում, որ հանրութունն այդպիսով զրկվում է հանրային ռեսուրսների ծախսումը եւ արդյունավետությունը վերահսկելու մեխանիզմից: