կարևոր
2782 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-05 18:06

Գյուղացիները դարձյալ փակել են Երևան-Գյումրի մայրուղին՝ նույն պահանջով

Գյուղացիները դարձյալ փակել են Երևան-Գյումրի մայրուղին՝ նույն պահանջով

Շիրակի մարզի Ազատան, Բենիամին, Գետք գյուղերի բնակիչները կրկին փակել են Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը՝ պահանջելով կամ լուծել ոռոգման ջրի հարցը, կամ փոխհատուցում հատկացնել։

Նրանք նույն պահանջով բողոքի ակցիա էին անցկացրել նաև նախորդ շաբաթ։

«Անցած շաբաթ էլ ոտքի էինք ելել, խոստումները չկատարեցին՝ ջուր չկա, այսօր Ազատան վայրկյանում ընդամենը 200 լիտր ջուր է մտնում, այն դեպքում երբ 1,2-1,5 խորանարդ մետրն է բավարար այս պիկ սեզոնին, որպեսզի բաշխեն ժողովրդին, ծայրամասերում էլ ջուր հասնի»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք չեն պատկերացնում, թե ինչ ձևով է լուծվելու այս հարցը, երբ կարտոֆիլի ցանքատարածությունների մեծ մասն արդեն չորացել է։

Որոշակի քանակությամբ ջուր բաց են թողել Մանթաշի ջրամբարից, սակայն մի խուճապ էլ այդ գյուղում ու Փանիկում է սկսվել։

Ազատանի համայնքապետը տեղեկացրեց, որ Կառնուտի ջրամբարի տակ գտնվող գյուղերի համայնքապետերն ու վարչական ղեկավարները պայմանավորվել էին վաղը մեկնել մայրաքաղաք՝ ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ հանդիպման, սակայն մարզպետ Հովհաննես Հարությունյանը փոխանցել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ինքը վաղը կգա Շիրակի մարզ, մեկ շաբաթ կմնա ու տեղում կկարգավորի խնդիրը։