Այսօր տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Արմեն Գրիգորյանն իր մտահոգությունն է հայտնել հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ:
ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը: Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են, Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար:
Զրույցի ավարտին Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց, ասվում է ԱԽ գրասենյակի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Ստանիսլավ Զասը լրագրողներին ասել էր, թե Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ կապված, «սահմանային միջադեպ» է եւ չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին: