ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Սաշուր Քալաշյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Սաշուր Հրայրի Քալաշյանին պարգևատրել Անանիա Շիրակացու մեդալով»,-ասված է հրամանագրում:
85–ամյա Սաշուր Քալաշյանը 1976-94թթ եղել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1995-2000թթ՝ Հայնախագիծ ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ, 2000թ-ից՝ փոխտնօրենը: 1964-1966թթ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:
Մի շարք նախագծերի հեղինակ և համահեղինակ է։
Քալաշյանի համահեղինակությամբ նախագծվել և կառուցվել են՝ Երևանում Մեծ եղեռնի հուշահամալիրը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Գյումրիում «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը, Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների, մանկական ստեղծագործության կենտրոնի, տիկնիկային թատրոնի պատմաճարտարապետական հուշարձանները, Ձիթողցյանների տունը, Ծաղիկյանների գարեջրի գործարանը և այլն: