կարևոր
2227 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-05 13:47

ԲՏԱ նախարարությունը մի վտանգավոր նախագիծ է շրջանառել՝ առանց տեղյակ լինելու, թե Հայաստանն ուր է հասել բաց կառավարման ու տեղեկատվության ազատության ոլորտում. Շուշան Դոյդոյան

ԲՏԱ նախարարությունը մի վտանգավոր նախագիծ է շրջանառել՝ առանց տեղյակ լինելու, թե Հայաստանն ուր է հասել բաց կառավարման ու տեղեկատվության ազատության ոլորտում. Շուշան Դոյդոյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը բարձրաձայնում է կառավարման թափանցիկության և տեղեկատվության ազատության սահմանափակմանն ուղղված նոր օրենսդրական նախագծի մասին: Նա գրում է.

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մի վտանգավոր նախագիծ է շրջանառել ի դրաֆթում՝ առանց տեղյակ լինելու, թե Հայաստանը ուր է հասել բաց կառավարման ու տեղեկատվության ազատության ոլորտում։

Առաջարկում են e-gov հարթակում այսուհետ չհրապարակել պետական աշխատակիցների գործուղումների նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, հանդիպման ժամանակ ընդունված որոշումների մասին տեղեկությունները։

Մի քանի բան հիշեցնեմ ԲՏԱ նախարարության իրավաբաններին.

1. Տեղեկատվությունը կարող է սահմանափակվել բացառապես Օրենքով, և ոչ ենթաօրենսդրական ակտով, ինչպես դուք եք առաջարկում։

2. Տեղեկատվության ազատության ցանկացած սահմանափակում պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարությանը եւ առկա լինի այդ սահմանափակումը կիրառելու սոցիալական սուր պահանջ։

3. Պաշտոնական գործողումների մասին տեղեկատվության մատչելիությունը հանրությանը հնարավորություն է տալիս վերահսկել հանրային ռեսուրսների ծախսումը եւ արդյունավետությունը։ Իսկ դուք ցանկանում եք հանրությանը զրկել այդ մեխանիզմից։

4. Պաշտոնական գործուղումների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը ՀՀ կառավարության ստանձնած կարեւոր հանձնառություններից է եղել Բաց կառավարման միջազգային գործընկերության շրջանակում։ Տեղյա՞կ եք։

եւ այլն, եւ այլն..........

Տխրահռչակ նախագիծը քոմենթում եմ դնում։

P.S. Չի լինի՞, գոնե մի հատ նորմալ ու պետքական նախագիծ գրեք էլի»։

Հավելենք, որ Բաց Կառավարման գործընկերության ՀՀ Գործողությունների երրորդ ծրագրի (2016-2018թթ.) Առաջին հանձնառությամբ ՀՀ կառավարությունը, համագործակցելով քաղաքացիական հասարակությայն հետ և հաշվի առնելով ներկայացված առաջարկները, ընդունեց և իրականացրեց Պատասխանատու գործողում հանձնառությունը, որի նպատակն էր հանրապետական գործադիր մարմինների կամ տարածքային կառավարման մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների կամ պաշտոնատար այլ անձանց գործուղելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորման արդյունավետության և հաշվետվողականության բարձրացումը, ՀՀ կառավարության գործունեության թափանցիկության բարելավումը:

https://www.e-gov.am/trips/ կայքում այդուհետ հրապարակվում են հանրապետական գործադիր մարմինների, տարածքային կառավարման մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների կամ պաշտոնատար այլ անձանց արտասահման գործուղումների որոշումները և հաշվետվու­թյունները: