կարևոր
1975 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-05 11:43

Օրինաչափությունը պահպանվել է՝ իշխանությունները վերարտադրվել են, իսկ ապրանքների գները բարձրանում են. Սուրեն Պարսյան

Օրինաչափությունը պահպանվել է՝ իշխանությունները վերարտադրվել են, իսկ ապրանքների գները բարձրանում են. Սուրեն Պարսյան

Շաքարավազի շուկայում արհեստական դեֆիցիտ են ստեղծում և գները բարձրացնում։ Ամառվա այս շրջանում, երբ բնակչությունը մեծ քանակությամբ մրգային պահածոներ է պատրաստում (մուրաբաներ, ջեմեր, հյութեր և այլն) շաքարավազի նկատմամբ պահանջարկը զգալիորեն ավելանում է։ Շաքարավազի շուկայում տեղի ունեցող  իրադարձություններին անդրադարձել է տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։

Ըստ տնտեսագետի,  ինչպես Սուրբ Զատիկի շրջանում ձվի արհեստական դեֆիցիտ էին ստեղծում և մարդկանց մոտ արհեստական խուճապ առաջացնում, որ ավելի շատ ձու գնեն, այնպես էլ հիմա շաքարավազի վաճառքը որոշ խոշոր սուպերմարկետներում և խանութներում վաճառվում է որոշակի սահմանափակումներով, օրինակ՝ առավելագույնը 5 կգ-ով։   

Երբ շաքարավազի գնման քանակության վրա սահմանափակումներ են առկա, մարդիկ արդեն ուշադրություն չեն դարձնում գնին, չեն նկատում, որ շաքարավազի գինը խանութում հասել է 420 դրամ։ Խաբված գնորդն ինքնագոհ մի քանի կգ շաքարավազը թանկ գնով առնում է և շտապում տուն։ Ակնհայտ է, որ Հայաստանում բավարար քանակությամբ շաքարավազ է առկա, դրամն էլ արժևորվել է վերջին օրերի ընթացքում, սակայն այդ տնտեսական գործոնները չեն ազդում անբարեխիղճ տնտեսվարողների ագահության վրա, նրանք հերթական անգամ խաբում են հայ սպառողներին՝ կուտակելով գերշահույթ։ 

 Նախկին իշխանությունների օրոք, երբ ընտրություններից հետո առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանում էին, ժողովուրդը դա բացատրում էր ընտրարշավի ժամանակ ծախսված գումարների հետ վերադարձով։ Կարծես թե օրինաչափությունը պահպանվել է՝ իշխանությունները վերարտադրվել են, իսկ ապրանքների գները բարձրանում են։ Իսկ պետական մարմինները ինչպես միշտ անգործության են մատնված։ Գործի անցե՛ք․․․․,- եզրափակել է տնտեսագետը։