Առաջիկա ժամերին Բաքվից տուն կվերադառնա 15 հայ ռազմագերի։ Նրանց կուղեկցի Արցախի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։
2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Հադրութի և Քաշաթաղի շրջանների շուրջ 92 000 92 հազար հակատանկային և հակահետևակային ականների քարտեզները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ ականների քարտեզներ ձեռք բերելու մարդասիրական նախաձեռնության իրականացման գործում միջնորդական առաքելության համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ որպես մարդասիրական քայլ ՝ ադրբեջանական կողմը Հայաստանին է արտահանձնել ազատազրկման դատապարտված 15 հոգու, որոնց ժամկետը ավարտվել է:
Վերադարձվածների թվում է 2020թ. պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված 12 հայ զինծառայող։ Նախօրեին նրանք շինծու մեղադրանքներով Բաքվում կես տարվա ազատազրկման են դատապարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար:
Հիշեցնենք, որ ռազմագերիների անհապաղ և առանց պայմանների վերադարձի հարցը ներառված էր 2020թ. -ի նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարության մեջ: Սակայն Ադրբեջանը շարունակում է չկատարել դրա պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիների վերադարձը,իսկ հայկական կողմը շարունակում է զիջումների գնալ: Ավելին, մինչ օրս ադրբեջանցի 100-ից ավելի զինվորական շարունակում է գտնվել մեր երկրի տարածքում՝ Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի սահմանային տարածքներում: