կարևոր
2686 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-03 13:09

Արտավազդ Սահակյանը Կառավարության որոշումը ոչ արդարացի է համարում. ԵՊԲՀ ռեկտորը պարզաբանում է

Արտավազդ Սահակյանը Կառավարության որոշումը ոչ արդարացի է համարում. ԵՊԲՀ ռեկտորը պարզաբանում է

Ես աշխատանքից չեմ հեռացել, ոչ էլ եղել է նման պահանջ, պահանջ եղել է միայն ռեկտորի կողմից՝ սկսած 2017 թվականից, լքել այս տարածքը, տեղափոխվել այլ տեղ, որին ես ընդդիմացել եմ։ Այս մասին տեսանյութում ասաց թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկ Արտավազդ Սահակյանը։

«Այս ընթացքում պարբերաբար այս պահանջը դրվել է, և կարծում եմ, որ բացարձակապես անհիմն է եղել։ Ես չեմ ուզում շահարկել ու ասել, թե որքան զինվորների եմ բուժել, կյանք եմ փրկել, բոլորդ գիտեք»,-նշել է նա։

Նա հայտնել է, որ պատերազմի ավարտից հետո՝ հունվարին, իրենից պահանջել են ազատել բաժանմունքը, քանի որ պետք է վերանորոգվի և նոր բաժանմունք ստեղծվի, թեև բժիշկը նշել է, որ 1000–2000 հիվանդ բուժվում են այս պահին։

«Ով է իրենց իրավունք տվել խաղալ ամենահզոր կենտրոններից մեկի ճակատագրի հետ։ Սա բացարձակապես քաղաքական խնդիր չէ, ես միշտ հարգել եմ իշխանություններին, կարող եմ շատ բաների հետ համակարծիք չլինել, բայց լուռ ու մունջ կատարել եմ իմ պարտականույթյունները, խնդիրն  այն է, որ կառավարությունում այս որոշումն ընդունվել է ոչ արդարացի, որևէ մեկը չի խորացել։ Եթե այսքան շատ ուզում են մեզ վտարեն և դրանից երջանիկ կլինեն, ապա նույն պայմաններով պետք է ապահովեն իմ կլինիկական արդինատորներին, մայրապետներին, բուժքույրերին և բժիշկներին և թող չփորձեն ինձ հետ խոսել շանտաժի լեզվով»,–ասաց նա։

Ավելի ուշ ՀՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, արձագանքելով ասվածին,  պարզաբանել է խնդիրը։

«Գրեթե 2 օր լուռ ու զուսպ հետևում եմ, թե ինչպես են փորձում շահարկել անշահարկելին, և այսպես մեկընդմիշտ դաջենք հետևյալը․

• Զինվորի տունը պարծանք է, և վերջ

• Զինվորի տունն ազգային արժեք է, և վերջ

• Զինվորի տունը լավագույնն է, և վերջ…

Իրական մտահոգ մարդկանց տեղեկացնեմ, Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում:

Տեղեկացնեմ, որ Աբովյան 58 շենքի ձախակողմյան շենքի վերանորոգման աշխատանքները սկսվելու են և տվյալ տարածքում գործող բաժանմունքը, որը ղեկավարում է Արտավազդ Սահակյանը, ժամանակավորապես տեղափոխվելու է այլ տարածք՝ այս որոշումը կայացված է և փոփոխման ենթակա չէ: Վերանորոգումից հետո բաժանմունքը նույն սկզբունքներով կշարունակի իր գործունեությունը՝ Աբովյան 58 հասցեում:

Արտավազդ Սահակյանին, բազմիցս առաջարկվել է, թե Հերացի և թե Միքայելյան հիվանդանոցներում ժամանակավորապես ծավալել կլինիկական գործունեությունը, մինչև Աբովյան 58 շենքի վերանորոգման ավարտը:

Եվ վերջում, թշնամին մեր երկրի սահմանին է, երկրի ներսում բանսարկություններով, անազնիվ քայլերով և քաղաքական շահարկումներով զբաղվելու շռայլություն չունենք:

Ի գործ»