Այսօր ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռսխոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի կատարման գործում առաջընթացի մասին:
Նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում, հիմնականում պայմանավորված ռուս խաղաղապահների ներկայությամբ, մնում է կայուն: Նախադրյալներ են ստեղծվել բնականոն տնտեսական գործունեության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար:
Ռուսաստանի նախագահը ուշադրություն է հրավիրել ռազմական գործողություններից տուժած տարածաշրջանների բնակչության հումանիտար խնդիրների լուծման գործում եվրոպացի գործընկերների, մասնավորապես Ֆրանսիայի սերտ ներգրավման անհրաժեշտության վրա: Արտահայտվել է փոխադարձ պատրաստակամություն՝ համակարգելու Արցախի խնդրի կարգավորման տարբեր ասպեկտները, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ: