Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 14 հայ ռազմագերու դատավարությունը: Այսօր տեղի ունեցած դատավարության ժամանակ հրապարակվել է դատավճիռը, ըստ որի ՝ Հրաչ Արզումանի Ավագյանն ու Գեղամ Սամվելի Սերոբյանն ազատազրկվել են 4 տարի, իսկ մնացածը ՝ 6 ամիս ժամկետով։
Ավելի վաղ՝ դատախազը «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու համար» պահանջել էր մեղադրյալներ Գեղամ Սամվելի Սերոբյանին, Հրաչ Արզումանի Ավագյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, իսկ Արմեն Եղիազար Բաղասյանի, Գոռ Վահրամի Գասպարյանի, Կամո Կարենի Սեֆիլյանի, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանի, Գեւորգ Նորայրի Հասերթյանի, Սիսակ Գրիշայի Ենգոյանի, Ալբերտ Կոմիի Պետրոսյանի, Ռոմիկ Միսակի Սեդրակյանի, Արամ Գառնիկի Մինոսյանի, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանի, Էդգար Վաչագանի Մաթեսյանի և Յուրի Տիգրանի Կարապետյանի համար դատախազը պահանջել էր 2 տարվա ազատազրկման:
Նշենք, որ Ադրբեջանը նրանց մեղադրում էր «ահաբեկչություն և դիվերսիա իրականացնելու և կազմակերպելու», «զենք պահելու», «սահմանն ապօրինի հատելու» եւ այլ հոդվածներով։
Հիշեցնենք, որ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայող գերեվարվեց Ադրբեջանի կողմից։ Նրանց մի մասն ավելի վաղ վերադարձել է Հայաստան:
Հատկանշական է, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիների վերադարձը,իսկ հայկական կողմը շարունակում է զիջումների գնալ: Ավելին, մինչ օրս ադրբեջանցի 100-ից ավելի զինվորական շարունակում է գտնվել մեր երկրի տարածքում, մասնավորապես Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի սահմաններին: