կարևոր
2380 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-02 20:14

Պաշտպանության նախարարի գաղտնի որոշմամբ ձևավորվել է մարտական գործողությունների ընթացքը քննող հանձնաժողով. Փաստինֆո

Պաշտպանության նախարարի գաղտնի որոշմամբ ձևավորվել է մարտական գործողությունների ընթացքը քննող հանձնաժողով. Փաստինֆո

2020 թվականի 44 օրյա պատերազմի ավարտից յոթ ամիս անց ՀՀ ՊՆ-ում ձևավորվել է մարտական գործողությունների ընթացքը քննող հանձնաժողով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ընդ որում, հանձնաժողովն ստեղծվել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի գաղտնի հրամանով։

«44 օրյա պատերազմի (մարտական գործողությունների) ընթացքը քննելու, և վերլուծելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի 10.05.2021 թվականի գաղտնի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՊՆ-ից։

Պաշտոնական հարցումը պաշտպանական գերատեսչություն ուղարկել էինք հունիսի 24-ին՝ պարզելու, թե արդյոք ՊՆ-ում ստեղծվել է 44-օրյա պատերազմի ընթացքն ուսումնասիրող հանձնաժողով, եթե այո, ապա երբ է ստեղծվել եւ ինչ խնդիր է դրվել հանձնաժողովի առաջ։ Վեց օր անց՝ հունիսի 30-ին նախարարությունից պաշտոնական նամակով հայտնեցին, թե հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ՝ 30-օրյա ժամկետ է անհրաժեշտ, սակայն այսօր հուլիսի 2-ին ստացանք երկրորդ պատասխանը, որով միայն հայտնել են, թե մայիսի գաղտնի հրամանով հանձնաժողով է ստեղծվել՝ չմանրամասնելով, թե հանձնաժողովում ովքե՞ր են ընդգրկված, որո՞նք են լիազորությունների շրջանակներն ու անգամ քանի՞ նիստ է հրավիրվել։

Նախարարությունից միայն վստահեցրել են, որ երկու ամիս գործող հանձնաժողովը պարբերաբար նիստեր է հրավիրում։

Պատերազմի ավարտից ութ ամիս անց ռազմական գործողությունների դրվագների մասին չի բարձրաձայնվում։ Նախարարությունց փորձել էինք պարզել՝ արդյոք հանձնաժողովի արդյունքում որևէ նյութ ուղարկվել է դատախազություն կամ քննչական մարմիններ՝ գնահատական տալու համար, սակայն նախարարությունը խուսափել է կոնկրետ հարցին հստակ պատասխան տալ. «Առայժմ վաղ է դրանց արդունքների վերաբերյալ տեղեկություն տալը»,- ասված է պատասխանում։

Ասել է, թե՝ պատերազմից 8 ամիս անց անգամ ՊՆ-ն չունի ասելիք խայտառական պարտության որեւէ դրվագի վերաբերյալ։