կարևոր
6895 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-02 16:44

Վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակը պահպանելը մի նպատակ ուներ՝ չարաշահել վարչական ռեսուրսը. Արամ Վարդևանյան

Վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակը պահպանելը մի նպատակ ուներ՝ չարաշահել վարչական ռեսուրսը. Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքը դիմում է մուտքագրել ՍԴ՝ ԿԸՀ-ի հունիսի 27-ի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով, մենք վիճարկել ենք ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունը, օրինականությունն ու փաստական հանգամանքները։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

Վարդևանյանի խոսքով, դիմումի ծավալը մեծ է, խոստանում է հետաքրքիր քննություն Սահմանադրական դատարանում։ ՍԴ-ում ներկայացուցիչը լինելու է ինքը։ Դիմումը ներկայացրել են 12 կետից բաղկացած խնդիրների մանրամասն վերլուծությամբ, կից փաստաթղթերով և դրանց վերաբերյալ իրենց հիմնավորումներով։ 

«ՍԴ մասին սահմանադրական օրենքով առաջին անգամ է ՍԴ-ում ընտրությունների վերաբերյալ վեճը քննության առարկա դառնալու, ՍԴ-ում ընտրության արդյունքները վիճարկում են մի քանի ուժեր»,-նշեց նա՝ հավելելով, որ ՍԴ որոշումը չի կարող լինել ուշ, քան մուտքագրման օրվանից 15-օրյա ժամկետը։

ՍԴ ներկայացված դիմումում առկա է 109 ընտրատեղամասի վերաբերյալ վերլուծություն, որի արդյունքում, օրինակ, տեսել են, որ մոտ չորս հազար ձայնի մասով տեղամասերում հրապարակված ցուցակներում չկան ստորագրություններ։ «Նժարին դրված է 88 000 քվե, բայց դրանցից 4000-ը բացակայում է»,-նշեց նա։

«Մենք վերհանել ենք նաև դեպքեր, երբ այդ ցուցակներից մի տեղում ստորագրել է օրինակ, Արամ Վարդևանյանը և ուրիշ ոչ մեկ, մեկ այլ տեղում կրկին կա Վարդևանյանի ստորագրությունը, ինչպես նաև ևս հինգ հոգու։ Հերիք չէ, նույն թղթից երկու հատ կա, նույն թղթի տվյալներն էլ տարբերվում են»,- մեկ այլ խախտում նկարագրեց Վարդևանյանը:

Եվս մեկ կարևոր հանգամանք, որն ապրիլի 25-ից քննարկվել է։ Խոսքը վարչապետի հրաժարականի և հետագա պաշտոնավարման մասին է:  «Մենք մի պարզ շղթա ենք բացահայտել։ Ի վերջո, վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակը պահպանելը, ի հակադրումն իրավաբանական հանրության մեծամասնության կարծիքին, ըստ որի, երբ վարչապետը հրաժարական է տալիս, չի կարող մնալ պաշտոնակատար, մի նպատակ ուներ՝ չարաշահել վարչական ռեսուրսը։ Այս շղթան մենք հստակ կերպով բացահայտել ենք»,- ասաց նա։

Դաշինիքի ներկայացուցիչը հիշեցրեց, երբ 2017 թ. ընտրություններից հետո ՍԴ են դիմել ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն, դատարանը նշել է, որ վարչական ռեսուրսի վերաբերյալ չկան փաստական տվյալներ, կան գնահատողական դատողություններ։

«Ես հիմա հայտարարում եմ, որ առաջին անգամ ունենք դեպք, երբ արձանագրված է վարչալան ռեսուրսի չարաշահում իշխանության կողմից։ Սա շատ կարևոր է»,- նշեց նա։

Վարդևանյանն անդրադարձավ նաև ատելության խոսքի տարածմանը՝ նշելով, թե վարչապետի պաշտոնակատարի կողմից այդ խոսքի տարածման ծավալն անգերազանցելի է եղել։

«Այն, ինչ մենք տեսնում էինք, իշխանական դիրքից հանդես եկով պատգամավորի թեկնածուի կողմից, ով զուգահեռաբար նաև վարչապետի պաշտոնակատարն էր, ատելության խոսքի ծավալն անգերազանցելի էր։ Ես չեմ կարող արտաբերել այդ հայտարարությունները՝ զուտ կոռեկտությունից ելնելով, բայց ի սկզբանե կարող եմ ասել, որ այդ բոլոր հայտարարությունները ՍԴ-ում քննության առարկա դառնալու են, ՍԴ-ում դրանք հնչեցվելու են։ Դատարանը նաև պետք է քննության առնի այն փաստը, որ վարչական դատարանն արձանագրել էր դրա ոչ իրավաչափ բնույթը, ինչպես նաև արձանագրել էր, որ ԿԸՀ-ն մատնված էր անգործության»,-ընդգծեց դաշինքի ներկայացուցիչը։