կարևոր
1624 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-02 16:14

«Հայաստան» դաշինքը միջնորդություն է ներկայացրել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ

«Հայաստան» դաշինքը միջնորդություն է ներկայացրել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ

««Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան է մուտքագրել դիմում ԿԸՀ հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ 

Այսինքն, արտահերթ խորհրդարանական ընտրութունների արդյունքները «Հայաստան» դաշինքը վիճարկել է Սահմանադրական դատարանում, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ՍԴ են ուղարկել նաև միջնորդություն՝ հարցի քննարկմանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ։

«Վահե Գրիգորյանը որպես դատավարական հակառակորդ կոնկրետ գործով մասնակցել է, ընդդեմ է հանդես եկել Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի»,- նշեց Վարդևանյանը։

«Հայաստան» դաշինքը ՍԴ ուղարկած իր դիմումով երեք սցենար է դիտարկել՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքները ճանաչել անվավեր, նշանակել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ կամ մանդատների բաշխման կարգ սահմանել։

Վարդևանյանը հույս հայտնեց, որ ՍԴ-ն աշխատակարգային նիստում կքննարկի իրենց միջնորդությունը։ Նա պնդեց՝ վարչական ռեսուրսի չարաշահման ծավալները մեծ են եղել ու որպես օրինակ բերեց այն, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, լինելով «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համարը, կարող էր տվյալներ ստանալ քվեարկության մասնակցող զինծառայողների, նրանց քվեարկության վայրի մասին, այնինչ «իրենք նման հնարավորություն չունեին»։