Հուլիսին Հայաստանում ևս շոգ է լինելու: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:
«Հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում սպասում ենք հերթական տաք հոսանքների ներթափանցմանը Իրաքից: Ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է»,- ասել է Սուրենյանը։
Անդրադառնալով հուլիս ամսվա եղանակային կանխատեսումներին` Սուրենյանը նշեց, որ կրկին շոգ է լինելու, սակայն ի տարբերություն հունիսի՝ կլինեն նաև «ցուրտ» օրեր։
Նրա խոսքով` հանրապետության ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով՝ պայմանավորված օդային տաք հոսանքների ներթափանցմամբ:
«Հովտային գոտիներում ամսվա ընթացքում ժամանակ առ ժամանակ առանձին օրերին ջերմաստիճանը կբարձրանա և կհասնի +40․․․ +41 աստիճանի, բայց, ի տարբերություն հունիսի, ամսվա մեջ կունենանք օրեր, երբ կլինի նաև սառը օդային հոսանքների ներթափանցում»,- նշել է նա: