կարևոր
1720 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-01 17:35

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատավոր Վահե Միսակյանը առաջարկեց հաջորդ դատական նիստում սկսել ապացույցների հետազոտման փուլը: Նա հայտնեց, որ ապացույցների հետազոտման փուլը բաղկացած է 5 նախաքննական հատորից: Պաշտպանության և մեղադրող կողմը ընդունեցին դատավորի առաջարկությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 5-ին ժամը 14:30-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ  դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ավարտվեց նշյալ գործի նախաքննության փուլը և սկսվեց գործով դատաքննության փուլը:

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանի կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումից հետո դատարանն անցավ ամբաստանյալների դիրքորոշումների ճշտմանը:

Դատարանը Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք առաջադրված մեղադրանքը պա՞րզ էր ու առաջադրված մեղադրանքով Սարգսյանն իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ:

«Ես լսեցի մեղադրողի ընթերցածը: Այն շարադրված է գործից անտեղյակ մարդկանց կողմից, ամբողջովին մտացածին է, կեղծ է և մոգոնվել է Հատուկ քննչական ծառայության կողմից և հաստատվել է  դատախազության կողմից՝ քաղաքական պատվերի շրջանակներում: Շնորհակալ եմ»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Դատարանի ճշտող հարցին՝ այսինքն՝ կարող են արձանագրել, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում, Սերժ Սարգսյանն ասաց.

«Ես մեղավոր չեմ»։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակություն։