կարևոր
2809 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-01 14:12

Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը և Աննա Գրիգորյանը «մերժում» են ստացել. հեռացող խորհրդարանն այդպես էլ օրակարգում չի ներառել Արցախի վերաբերյալ նախագիծը

Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը և Աննա Գրիգորյանը «մերժում» են ստացել. հեռացող խորհրդարանն այդպես էլ օրակարգում չի ներառել Արցախի վերաբերյալ նախագիծը

Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը և Աննա Գրիգորյանը «մերժում» են ստացել: Նրանք՝ փորձել են ինչպես նախորդ քառօրյայի, այնպես էլ այս արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառել Արցախի վերաբերյալ նախագիծ, որի վերաբերյալ ԱԺ-ն կընդունի հայտարարություն։

 Ըստ Թովմասյանի՝ նշյալ փաստաթուղթն ընդունելու համար իշխանական «Իմ քայլը» խմբակցությունն այդպես էլ ժամանակ չի գտել, չնայած այն հանգամանքին, որ նախագծին իրենց դրական եզրակացությունն էին տվել ԱԳՆ-ն, ԱԺ արտաքին հարբերությունների հանձնաժողովը: Անկախ պատգամավորը՝ հեռացող խորհրդարանի կողմից այս քայլն «անհասականալի» է որակել: 

 «2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունն արցախյան հիմնահարցի լուծում չէ, այլ՝ զինադադարի ռեժիմի պահպանման և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտմամբ Արցախին պարտադրված հերթական պատերազմի արդյունքում ստորագրված հրադադարի հայտարարություն։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով շարունակելու է մնալ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերությունը՝ Արցախի ժողովրդի առանց որևէ սահմանափակման ինքնորոշման իրավունքի հիման վրա։

ՀՀ-ն պահպանելու է Արցախի Հանրապետության համար ընդունելի տարբերակով հիմնահարցի լուծումը, որը բացառում է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում՝ երաշխավորելով Արցախի անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովումը Արցախի հետ Հայաստանի հուսալի և անվտանգ ցամաքային կապը։

Հայաստանը շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, միաժամանակ կարևորելով և գնահատելով Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղպահ առաքելության դերն ու նշանակությունը՝ տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման գործում։

Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության իրականացրած ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան որևէ ազդեցություն չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի և սահմանների որոշման գործընթացի վրա։

Ադրբեջանի Հանրապետության կողմից օկուպացված Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիան ԱՀ տարածքային ամբողջականության վերականգնման, արցախյան հակամարտության խաղաղ, համապարփակ կարգավորման ուղղությամբ առաջանցիկ քայլերի իրականացման, Արցախի ժողովրդի անվտանգ գոյության ապահովման, հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման բռնի, ինչպես նաև ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց բնակավայրեր վերադարձի ապահովման հրամայականն է»։

Իր հերթին Սոֆյա Հովսեփյանը հայտարարել է, որ հերթական անգամ անտեսվում է Արցախի կարգավիճակի հարցը:

«Արցախի դուռը նոյմեբերի 9-ով փակվել է, թերևս ավեի վաղ էր փակվել, նոյեմբերի 9-ը վերջնակետը դրեց: Մի ամբողջ ֆրակցիա, որը պետք է անցնի 8-րդ գումարման ԱԺ, իր վերաբերմունքը հայտնեց»,- հայտարարել է նա: