կարևոր
2425 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-01 13:41

Մովսես Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին. գործն ուղարկվել է դատախազին

Մովսես Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին. գործն ուղարկվել է դատախազին

Պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է, նախկին բարձրաստիճան զինվորականը, որը ներգրավվել է որպես մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն է։ Վերջինը՝ Tert.am-ի հետ զրույցում նշել է, թե գործի մասին ոչինչ ասել չի կարող, ապա հաստատել, որ գործը վերաբերում է պատերազմից հետո կայացած իր ասուլիսին, որի ընթացքում անդրադարձել էր պատերազմի ընթացքին, Նիկոլ Փաշինյանին, նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ հրամանատարական շտաբում գտնվելուն։

Հարցին՝ համարու՞մ է, թե իր հայտարարություններում եղել են կետեր, որոնք պետական գաղտնիք են պարունակել, Հակոբյանը բացասական պատասխան է տվել։

Այն հարցին էլ, թե այս գործում քաղաքական ենթատեքստ տեսնու՞մ է, քանզի իր բոլոր մեղադրանքներն ուղղված էին գործող իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին, Մովսես Հակոբյանն արձագանքեց՝ ինքը քաղաքական գործիչ չէ, որ քաղաքական ենթատեքստ տեսնի։

«Գործն ուղարկվել է դատախազին, վերջինս պետք է որոշի՝ մեղադրանքը կարողանալու՞ է դատարանում պաշտապնել, թե՞ ոչ։ Կանչեն դատարան, գնալու եմ»,-հավելել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը։

Հակոբյանը նաև հայտնեց, որ իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ լրատվականը հաղորդագրությամբ ծանուցել էր, որ ավարտվել է բարձրաստիճան զինվորականի կողմից պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Տարածված տեքստում նշվում էր, որ  կատարված քննության պայմաններում հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը, երկարամյա ծառայության բերումով իրավասություն ունենալով ծանոթանալու պետական գաղտնիք կազմող տեղեկություններին, 2020 թվականի նոյեմբերի 19-ին հրապարակային հարցազրույցներից մեկի ժամանակ հրապարակել է ՀՀ կառավարության 13.03.1998թ. «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N173 որոշմամբ նախատեսված պետական գաղտնիք հանդիսացող՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունները, զարգացման ծրագրերը բացահայտող, ինչպես նաև զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի կիրառման ծրագրերը, օպերատիվ ծրագրերը, մարտական կառավարման, տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը բացահայտող՝ ռազմական բնագավառի հույժ գաղտնի տեղեկություններ:

Գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում նախկին բարձրաստիճան զինվորականը ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար ներգրավվել է որպես  մեղադրյալ, և նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց:

2021 թվականի հունիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար: