Ընտրությունների արդյունքները չճանաչելը պայմանավորված է ոչ միայն քվեարկության օրն արձանագրված բազմաթիվ խախտումներով, զանգվածային հոսանքազրկումներով եւ այլ ապօրինություններով, այլ նաեւ՝ հատկապես ընտրական գործընթացի ամբողջականությունը չպահպանելու հանգամանքով, ասված է 5165 ազգային-պահպանողական շարժում կուսակցության տարածած հայտարարությունում:
Քաղաքական այս ուժի կարծիքով՝ նախընտրական շրջանում նկատվել է ահաբեկման, ատելության մթնոլորտի ձեւավորում, վարչական ռեսուրսի ակնհայտ չարաշահումներ, միտումնավոր բեւեռացում, նորաստեղծ քաղաքաղաքական ուժերի նկատմամբ անուղղակի եւ ուղղակի հակաքարոզ:
5165 շարժումը, միաժամանակ, չի պատրաստվում դիմել Սահմանադրական դատարան, քանի որ արդեն իսկ կան նման ուժեր, որոնք տիրապետում են բավարար մասնագիտական ռեսուրսի այդ հարցն առաջ մղելու համար, իսկ իրենք իրենց ռեսուրսները նպատակահարմար են գտնում կենտրոնացնել այլ ուղղություններով: